Ջոն Հեֆերն. «Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի» (տեսանյութ)

«Ամենակարևորն ազատ և արդար մրցակցություն ունենալն է: Ցանկացած ընտրություններում և հասուն ժողովրդավարության մեջ ամենակարևորն իրական մրցակցություն ունենալն է, որպեսզի ունենաս ակտիվ և հավատարիմ ընդդիմություն, որը պայքարում է քվեների և աջակցության համար, և իշխող կուսակցությունը, որը անջատ է ադմինիստրացիայից: Դուք գիտեք, որ իշխանությունը և կառավարությունը նույնական չեն, դրանք տարբեր բաներ են, նրանք միասին չպիտի լինեն, նրանք անջատ են, և կարևոր է, որ ազատ և արդար ընտրություն լինի՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև ուժեղ պայքարով: Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես նկատի ունեմ, որ Րաֆֆին շատ ավելի լավ իրեն դրսևորեց նախագահական ընտրություններին, քան մարդիկ սպասում էին: Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններին: Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից: Մենք հույս ունենք, որ ընտրություններն ազատ և արդար կլինեն, և Երևանի բնակիչները կկարողանան ընտրել քաղաքի ավագանուն, որը հետո կընտրի քաղաքապետին այնպես, որ յուրաքանչյուրին ձեռնտու կլինի: Հույս ունեմ՝ հենց սա տեղի կունենա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հարցին, թե դեսպանի կարծիքով՝ ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունի Երևանը, Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Յուրաքանչյուր վայր կարող են կատարելագործել: Ես չունեմ հատուկ առաջարկություններ քաղաքապետի համար: Ես միայն հույս ունեմ, որ նոր քաղաքապետը, ով էլ որ լինի՝ կին թե տղամարդ (whoever he or she is), ուժեղ կառավարիչ կլինի, կլսի մարդկանց և Երևանի բնակիչներին, թափանցիկ, արդար և արդյունավետ եղանակով ծառայություններ կմատուցի: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր քաղաք կարող է կատարելագործվել: Հույս ունեմ, որ այս ընտրություններն ուժեղ, արդար և ակտիվ կլինեն: Հույս ունեմ, որ Երևանի բոլոր բնակչները կգնան քվեարկելու, և մայիսի 5 կտեսնենք՝ ինչ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս