Գրիգոր Հարությունյան. Եթե կուսակցությունը վերցրել է դաշինքի անունը, պետք է քննարկում լինի՝ խառնաշփոթ է ստեղծվել
ՀԺԿ-ն ՀԱԿ դաշինքից դուրս չի եկել, բայց, նորաստեղծ կուսակցության ձևավորման ժամանակ, ինչպես հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը, պատրաստ են համագործակցել և՛ դաշինքում առկա կուսակցությունների, և՛ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի այսօրվա տարածած հայտարարությանը՝ միաժամանակ ասելով, թե ինքը տեղյակ չէր հայտարարությանը:
Նա նշեց, որ նորաստեղծ կուսակցության գործունեությանը հետևելուց հետո կքննարկեն դաշինքային հարաբերությունները: Ինչ վերաբերում է տարածված հայտարարության մանավորապես այն հատվածին, թե քննարկվելու է դաշինքի անվան հարցը, Գրիգոր Հարությունյանը նկատեց. «Ամեն դեպքում, իմ կարծիքով, դաշինքն ու կուսակցությունը չեն կարող նույն անվան լինել: ՀԱԿ կուսակցությունն էլ օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե իրենց անունը ՀԱԿ է, կրճատ տարբերակը՝ Կոնգրես: Չի կարող, որ անունը նույնը լինի: Քննարկման հարց է սա: Եթե կուսակցությունը վերցրել է դաշինքի անունը, պետք է քննարկում լինի՝ խառնաշփոթ է ստեղծվել»:
Մեր դիտարկմանը, թե սխա՞լ էր նորաստեղծ կուսակցությունը Կոնգրես անվանելը, Գ. Հարությունյանը նշեց, թե «դա իրենց գործն է, սխալն ու ճիշտն էլ թող իրենք մտածեն: Մի բան հստակ է՝ նույնանուն այս կառույցները լինել չեն կարող»: