Ադրբեջանցի կուսակցապետը չկտրված ականջի պատճառով զրկվել է 10.000 եվրոյից
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ, կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը պատմել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ չհաջողված մահափորձի մասին:
Ավելի վաղ Գաջիևը հայտարարել էր, որ 10.000 մանաթ (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյի) պարգևավճար կհատկացնի նրան, ով կկտրի «շնորհազուրկ» գրողի ականջը: Կուսակցապետի պնդմամբ՝ դա պետք է հանդիսանար նրա «պատիժը» մեծ արձագանք հանած «Քարե երազներ» վիպակի համար:
Ապրիլի 16-ին ելույթ ունենալով կուսակցական ժողովում՝ Գաջիևը պատմել է, որ իրեն հաջողվել է այդ նպատակով վարձել երիտասարդ մարդկանց խումբ և նախապես նրանց հատկացնել նշված գումարը (ավելի վաղ նա պնդել է, որ ակցիայի իրագործումը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական թևի անդամներին).
«Ես երիտասարդների խմբին ասացի, որ նրանք Աքրամ Այլիսլիին սպասեն դռների մոտ, և հենց նա երևա դռների մոտ, կտրեն նրա ականջը: Այդ մարդիկ մի քանի օր Այլիսիլիին սպասել են դռների մոտ, սակայն ավելի ուշ իշխանությունները ներկայացնող հարգարժան անձինք ինձ ասացին հրաժարվել տվյալ մտադրությունից: Եվ ես ստիպված եղա հրաժարվել դրանից:
Ես երիտասարդներին խնդրեցի վերադարձնել գումարը, սակայն մերժում ստացա: Ստացվում է, որ ես զուր տեղըվատնեցի այդ 10.000 մանաթը»:
Գաջիևն այժմ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա հոկտեմբերի 16-ին: