Ո՞վ է Գագիկ Ծառուկյանից ավելի համարձակ

Շաբաթ օրը տեղի ունեցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում, ըստ էության, սկանդալային փաստ է արձանագրվել: Իրեն արմատական ընդդիմություն որակող, գլխավոր նպատակն «ավազակապետության կազմաքանդումը» հռչակած կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ է դարձել «Արմենիա» բժշկական կենտրոնի, կամ, ինչպես հանրության լայն շերտերին է հայտնի, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 1991թվականից:

Վերջինս վարչության անդամ է առաջադրվել ՀԱԿ կազմկոմիտեի կողմից: Հետաքրքիր է, որ ՀԱԿ վարչության կազմում է ընդգրկվել նաև այդ հիվանդանոցի բաժնետեր համարվող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ հիվանդանոցի ամենամեծ բաժնետերը համարվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ինչո՞ւ է Գրիգորյանը որոշել ընդգրկվել ընդդիմադիր կուսակցության վարչության ղեկավար կազմում, արդյո՞ք նա դրանով կվնասի իր բիզնեսին, թե՞ ընդհակառակը՝ կապահովագրի այն: Այս հարցերի վերաբերյալ կան տարբեր մեկնաբանություններ: Ցավոք մենք չկարողացանք մեկնաբանություն ստանալ անձամբ Գրիգորյանից. նրա օգնականը մեր թղթակցին փոխանցեց, որ գլխավոր տնօրենը զբաղված է: Փաստն այն է, որ Գրիգորյանը 1991թ. սկսած մշտապես կարողացել է զգալ ժամանակի շունչը և լինել ժամանակի իշխանության հետ, իսկ այսօր որոշել է դառնալ ընդդիմադիր:

Փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ կուսակցության պաշտոնական գաղափարախոսություն հռչակված բուրժուադեմոկրատական հեղափոխությունն արդեն իսկ շոշափելի արդյունք է տվել. այդ կուսակցությանը հաջողվել է ավազակապետությունից պոկել խոշոր բուրժուազիայի ևս մեկ ներկայացուցչի, ում չի վախեցրել ոչ միայն, Լ. Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ բուրժուազիայի նախկին ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանին արդեն իսկ պատուհասած աղետը՝ սնանկացումը, այլ անգամ նույն Տեր-Պետրոսյանի չարագուշակությունը՝ բուրժուազիայի գործող ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի ապագայի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս