Նիկոլաս Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վենեսուելայում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ՝ կապված այս տարվա մարտին նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան հետ:
Նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխանական ուժերի թեկնածու, նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ով հավաքել է քվեների 50.76 տոկոսը: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը նրան զիջել է ընդամենը 1.69 տոկոսով՝ ստանալով քվեների 49.07 տոկոսը:
Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սկսվել են իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության համակիրների զանգվածային տոնակատարությունները: Մադուրոն հայտարարել է. «Այսօր մենք կարող ենք ասել, որ ազնվորեն հաղթել ենք ընտրություններում»:
Ինչ վերաբերում է Կապրիլեսին, ապա նա բարելավել է իր արդյունքը՝ համեմատած 2012 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների հետ, որոնցում նա հավաքել էր քվեների 45 տոկոսը և զիջել էր Ուգո Չավեսին: Կապրիլեսը կարծում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: