Բաժիններ՝

«Երիտասարդականի» գրքերը կարելի է ձեռք բերել նոր ֆորմատով՝ վիրտուալ

Մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով «Երիտասարդականի»  գետնանցումի գրքերը սկսել են կրկին վաճառվել, սակայն այս անգամ՝ նոր ֆորմատով՝ վիրտուալ: Ստեղծված նոր կայքում՝ գտնելով ձեզ անհրաժեշտ գիրքը՝ կարող եք գնել այն: Այսպիսով, նախաձեռնողները նպատակ ունեն օգնել ինչպես՝ գրավաճառներին, այնպես էլ՝ ընթերցողներին, ովքեր մշտապես այդ վայրից գնում էին ուսումնական, մասնագիտական կամ այլ տեսակի գրականություն:

«Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական հ/կ-ի համահիմնադիր-տնօրեն, yeritasardakan.com կայքի համահեղինակ Էդուարդ Լևանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքում վաճառքի հանված գրքերի քանակը ներկայում 753 է, դրանց թիվը, սակայն, առաջիկայում կավելանա, քանի որ այս առնչությամբ ներկայում նախաձեռնության հեղինակները հանդիպումներ են կազմակերպում և իրազեկում են գրավաճառներին:

grqerԻ դեպ, Է. Լևանյանի խոսքով՝ գրքի գրանցումը կայքում անվճար է, իսկ կայքը բաց է, և դրա միջոցով կարող է գիրք վաճառել ցանկացած մարդ: Կայքում գործում է «Որոնում» բաժին, որի միջոցով կարելի է գտնել ձեզ անհրաժեշտ գիրքը, կապ հաստատել համապատասխան գրավաճառի հետ, ում կոնտակտային համարը նշված է կայքում, և գնել այն:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գործող գրքի տոնավաճառները հանեցին՝ դրանք այլ վայր տեղափոխելու պայմանով: Նրանց առաջարկվեց «Ձկան խանութի» մոտ գտնվող գետնանցումը, որին, սակայն, գրավաճառները համաձայն չեն, և որի առնչությամբ նրանք բաց նամակ են հղել Երևանի քաղաքապետին:

Այսպիսով «Երիտասարդական» կայարանի գետնանցումի գրավաճառների հարցը դեռևս լուծում չի գտել, իսկ նրանք ներկայում ունեն գիրք վաճառելու այս այլընտրանքային տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս