Աշոտ Ադամյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Այդ լիդերից ես պահանջում էի հստակեցումներ
Այսօր ՀԱԿԿ համագումարին մասնակցում էր նաև ՀԱԿ համախոհ, դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը: Վերջինս 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին` ասաց. «Այդ լիդերից ես պահանջում էի հստակեցումներ: Հստակեցումներ չտեսնելով` պետք է ենթադրել, որ ոչ մի հավաքական բան տեղի ունենալ չի կարող: Մարդ իր ընդզման ժանանակ իր համոզումների մեջ երբեք չի շեղվում: Ինչ պահանջում է Հայաստանի ժողովուրդը՝ հասկանալի է բոլորիս: Եթե դու լիդերության խնդիր ես վերցրել, այդ ընդվզումը պետք է կարողանաս բովանդակել ընդհանուր ուղղության մեջ: Սա տեղի չունեցավ ամսի 9-ին: Հստակեցման ծրագիր չկար»:
Իսկ հարցին, թե շարժումը գնո՞ւմ է դեպի մարում, նա պատասխանեց. «Ո’չ, որովհետև շարժում ասելով` առաջին հերթին հասկանում եմ ժողովուրդ: Ժողովուրդը ո՞նց կարող է մարել: Նա, ով տեսնում է միտում, ավելի լավ է, որ թողնի այս երկիրն ու այլևս չզբաղվի այդ դատարկաբանությամբ` ասելով, որ ինքը մեծ մշակույթի ժողովրդի զավակ է, մեծ ավանդներ ունեցող, պետականության հիմքեր ունեցող ժողովրդի շարունակողն է, ուրեմն` եկեք մոռանանք այս մասին: Բայց դա, բարեբախտաբար, հնարավոր չէ»,- նշեց Ա. Ադամյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ է տեսնում առաջիկայում Ազատության հրապարակում, նա պատասխանեց. «Ազատության հրապարակում այսօր կատարվելիքն անհասկանալի է ինձ համար: Ես հստակեցում եմ պահանջում, որը չեմ տեսնում»: Դերասանի ասելով` լիդերը ներկայացնում է հավաքականության ուժը: «Ես հենց սկզբից հայտարարել էի, որ Րաֆֆին իմ լիդերը չէ, բայց եթե ստեղծված իրավիճակում նա իր վրա է վերցնում դա, ես` որպես զինվոր, պատրաստ եմ կանգնել նրա կողքին: Իսկ երբ չեմ տեսնում, բնականաբար, չեմ կանգնում»,- ասաց Ա. Ադամյանը: