Անորոշությունը, տրամաբանական գործողությունների բացակայությունը «մաշում է շարժումը»
168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց. «Ապրիլի 9-ին մենք տեսանք չկազմավորված շարժման արդյունքները: Ես ապրիլի 9-ից մի քանի օր առաջ ելույթ ունենալու հնարավորություն ունեցա հանրահավաքի ժամանակ: Մեր հիմնական խնդիրն այն էր, որ իսկապես այն զարգացումները, որոնք ընթացքի մեջ էին՝ իրենց մեջ լուրջ անորոշություն էին պարունակում: Շարժումը չկարողացավ կազմավորվել ու ձևավորվել, որի արդյունքները մենք տեսանք ապրիլի 9-ին»:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ ապրիլի 9-ին պետք էր խուսափել հուսալքության տանող ճանապարհից ու ձգտել չգնալ բախումների. «Դժբախտաբար, ամսի 9-ին արյուն թափվեց, բայց աստված տվեց, որ զոհեր չունեցանք: Երբ ծրագիրն ամջողջապես չի վերլուծվում, ընթացքը չի կազմակերպվում, միշտ կարող է ստացվել այնպես, որ հավաքված ժողովուրդը վերածվում է ամբոխի ու ընթացքը ինքն է թելադրում: Սա ամենաանցանկալին է, որը ամսի 9-ին մեծ բախումներ տանելուն մոտ էր»:
Պատգամավորը չի կարծում, թե ապրիլի 9-ին ամեն ինչ ավարտվեց, բայց նաև վերաիմաստավորման կարիք է տեսնում, անորոշության վերացում ու տրամաբանական գործողությունների արմատավորում, որոնց բացակայությունը, նրա կարծիքով՝ «մաշում է շարժումը»:
168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մեկօրյա մոսկովյան այցը հետընտրական զարգացումների հետ առնչություն ունե՞ր, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց. «Մոսկովյան այցից ոչ մեկ ոչ մի բան չիմացավ: Երեկ հանրահավաքին գոնե մեկ խոսք պետք է ասվեր դրա մասին, բայց չասվեց: Ի՞նչն էր նպատակը, ի՞նչ տվեց… հարցականները մնացին, անորոշությունը մնաց»:
Չնայած այս ամեին՝ Արմեն Ռուստամյանը հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանից չի հիասթափվել, պարզապես տեսնում է նպատակային ծրագրեր դնելու ու դրանց քայլ առ քայլ հասնելու անհրաժեշտությունը: