Էպոսագետին թույլատրել են բուժզննում անցնել, նա ճնշված է
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացած Վարդան Սեդրակյանը, ով կալանավորված է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով, հաջորդ շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Խոստացել են, որ հինգշաբթի կլինի բուժզննումը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ մինչև կալանավորումը Վարդան Սեդրակյանը լյարդի հետ կապված առողջական խնդիրներ ուներ, և բժիշկները խորհուրդ էին տվել մեկ-երկու ամսից կրկին հետազոտություն անցնել:
Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ շաբաթական առնվազն մեկ անգամ հանդիպում է Վարդան Սեդրակյանի հետ և տպավորությունն այն է, որ, ընդհանուր առմամբ, իր պաշտպանյալն առողջական վիճակը նորմալ է:
Ի դեպ, էպոսագետի հետ տեսակցելու իրավունք ունի միայն Ալեքսանդր Սիրունյանը, ինչն էլ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի համար հավելյալ հոգեբանական ճնշվածություն է առաջացրել: «Մեղմ ասած, տեղը տհաճ է, ընտանիքի անդամները տեսակցություն չունեն, էդ մարդկանց էլ է պետք հասկանալ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը գտնվում է «Երևան» ՔՀԿ-ում, նրան մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար: