Բաժիններ՝

Տիգրան Եգորյանը «Հարսնաքարի» գործով 20 նոր վկաներ ներգրավվելու միջնորդություն ներկայացրեց

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր ավարտվեց գործով մեղադրյալների հարցաքննությունը: Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը գործով նոր վկաներ ներգրավվելու միջնորդություն ներկայացրեց:

Դատարանում Տիգրան Եգորյանն ընթերցեց վկաների ցանկը՝ մոտ 20 հոգի: Ցանկում ներառված էին Ռուբեն Հայրապետյանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը, ռեստորանային համալիրի մի շարք մատուցողներ, բժիշկներ, որոնք առնչվել են Վահե Ավետյանի հետ:

Տիգրան Եգորյանն ասաց, որ նշված բժիշկներին դատարան հրավիրելու դեպքում հնարավորություն կլինի «հաստատելու կամ հերքելու դատաբժշկական փորձաքննությամբ դատարանում հայտնվածը», կորոշակիացվեն վնասվածքի հետ կապված հարցեր:

«Կան անձիք, ովքեր հեռախոսային վերծանումներով, և նրանց կատարած հեռախոսային զանգերի վերաբերյալ ճշտումներ են անհրաժեշտ»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Եգորյանի՝ մի քանի րոպեների ընթացքում մեղադրյալների հեռախոսներին զանգեր են եղել մի քանի վայրկյան տևողությամբ.

«Մասնավորապես, օրինակ, Արթուր Սնջոյանի հեռախոսահամարից մոտ 9 զանգ է եղել մի քանի վայրկյան տևողությամբ, ինչը շատ կասկածելի է: Դա տեղի է ունեցել նույն օրը 10:25-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ անմիջապես այդ ծեծկռտուքից առաջ»:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննության կապակցությամբ կան որոշակի հարցեր, որոնք նախաքննության մարմինը բաց է թողել, և հարցաքննությունը թերի է մնացել.

«Մասնավորապես, թե կոնկրետ ե՞րբ է նրան հայտնի դարձել այդ դեպքի վերաբերյալ, ումի՞ց է հայտնի դարձել, դրանից հետո ինչո՞ւ է նա զանգահարել Նորայր Հայրապետյանին, և մի շարք այդպիսի հարցեր կան»:

Իսկ գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ռեստորանային համալիրի մատուցող Մանուկ Մնացականյանին, մենեջեր Դավիթ Հայրյանին դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացրեց:

Դատարան ներկայացվեց նաև բնակության վայրից մեղադրյալ Արման Բաղդասարյանին տրված բնութագիրը, բժշկական փորձաքննության որոշումը, որով նրա դստերը՝ Լիլիթ Բաղասարյանը հաշմանդամ է ճանաչվել, տեղեկանք, որը հաստատում է, որ Արման Բաղդասարյանի եղբայրը՝ Արտակ Բաղդասարյանը զոհվել է զինծառայության ընթացքում,  ինչպես նաև տեղեկանք, համաձայն որի՝ վերջինիս մայրը ևս հաշմանդամության կարգ ունի:

Դատարանում հրապարակվեց նաև ամբաստանյալ Արման Խաչատրյանին տրված բնութագիրը, «Արմենիա» բժշկական կենտրոնի կողմից տրված եզրակացությունը, հմաձայն որի՝ մեղադրյալի մոտ առկա է խպիպ հիվանդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին:  Այդ դատական նիստի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ միջնորդությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս