Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր խնդիրն է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն
ՀԱԿԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի սկզբում հայտարարեց, թե ինքը հռետորաբանությամբ չի զբաղվելու, որովհետև սա այն լսարանը չէ, որտեղ պետք է համոզել, քարոզել կամ «քաղաքական դաստիարակությամբ» զբաղվել:
Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե չի ցանկանում խոսել կուսակցության ստեղծման կարևորության մասին, այլ խոսելու է այլ փաստերի՝ ձևավորման, ՀԱԿ դաշինքի մասին, որն ունեցավ հինգ տարվա կյանք:
«Ուզում եմ նախ գնահատել մեր հինգ տարվա աշխատաքը: ՀԱԿ կուսակցության աշխատանքը կսկսվի վաղվանից, իսկ մինչ այս՝ ամենաբացառիկը միավորման՝ ՀԱԿ դաշինքի աշխատանքն էր: Անկախ այն բանից, թե հետագայում դաշինքի անդամներից ոմանք ի՞նչ վարք ու գործունեություն դրսևորոցին, բացարձակապես չի նսեմացնում նրանց գործը, որ արել են հինգ տարիների մեջ:
Առնվազն չորս տարի դաշինքը եղել է կուռ համաձույլ, համախոհների, զինակիցների մի միավորում, որը մեծապես գնահատում եմ: Ոչ մեկ այդ ժամանակ գլուխ չի պահել, խաղեր չի տվել, դաշինքի ներսում չի փորձել հաստատել սեփական կուսակցության շահերը: Նման բան չի եղել»,- մասնավորեցրեց ՀՀ առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀԱԿ դաշինքի անդամներին ու նշեց, որ հետագայում թեպետ որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, բայց արձանագրեց, որ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որոնք իրենք բերել են համաժողովրդական շարժմանը:
Լ. Տեր-Պետրոսյանը նկատեց, որ նորաստեղծ կուսակցության անդամների զգալի մասը ստեղծվել է դաշինքի շնորհիվ:
Անդրադառնալով ՀՀՇ-ին, առաջին նախագահն ասաց, թե նույնը վերաբերում է ՀՀՇ-ին, որը որպես ինքնուրույն կուսակցություն, նրա հավաստմամբ, վերջին հինգ տարիներին սեփական նախաձեռնությամբ գոյություն չի ունեցել, իր ուժերը ներդրել է Կոնգրեսի մեջ:
Ըստ նրա՝ ՀՀՇ-ն բացարձակապես նույնացած է եղել ՀԱԿ-ի հետ:
«Հիմա ոչ մի բան այսօր չի փոխում: Նույն մարդիկ են, բացառությամբ մի քանիսի, որոնք ուրիշ ճանապարհով գնացին, շնորհակալ ենք իրենց համատեղ աշխատանքի համար, ես դիվանագիտություն չեմ անում, ասում եմ ազնվությամբ: Այնպես որ, ասում ենք նորաստեղծ կուսակցություն. այն նորաստեծղ է գրանցման առումով, ուրիշ ոչինչ:
ՀԱԿ կուսակցության հռչակումը կատարված փաստի ու հինգ տարի առաջվա շարժման ֆորմալ արձանագրումն է: Տա աստված, որ ՀԱԿ-ը արժանի լինի ՀԱԿ դաշինքի դերին ու նշանակությանը և կարողանա շարունակել այն ավանդները, որը սկսկել է ՀԱԿ դաշինքը»:
Խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին, առաջին նախագահը, իսկ իր խոսքերով՝ «չվախենալով այս բառից»՝ հայտարարեց, թե իրենց խնդիրն է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ինչի մասին ինքը խոսել էր 2008 թվականին: