Սաուդյան Արաբիան մտադիր է արևային էներգիայից ստացած էլեկտրաէներգիան Եվրոպա արտահանել Թուրքիայով
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`Մերձավոր Արևելքի ու Միջին Ասիայի համար նավթային ու գազային կամուրջ հանդիսացող Թուրքիայի առջև բացվում է էներգակիրների մեկ այլ տեսակի հարցում տարանցիկ երկրի վերածվելու հեռանկար:
Խոսքը գնում է արևային էներգիայի մասին: Մասնավորապես, Սաուդյան Արաբիան ցանկանում է իր արևային էներգիան Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա: Սաուդյան Արաբիան հանդիսանում է աշխարհի խոշորագույն նավթ արտահանող երկիրը:
Այստեղ նավթի օրական արդյունահանումը կազմում է 11 միլիոն բարել, որից արտահանվում է 8.6 միլիոն բարելը: Այժմ Սաուդյան Արաբիան պլանավորել է Եվրոպային վաճառել արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիան:
Դրանով իսկ Սաուդյան Արաբիան մտադիր է էլեկտրաէներգիայով ապահովել Եվրոպային, որը ձմռան ամիսներին տուժում է Ռուսաստանի կողմից կիրառվող «էներգետիկ զենքից» և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից:
Սաուդյան Արաբիան պլանավորել է կառուցել 10 գեգավատանոց արևային գիծ, որը գրեթե հավասարազոր է 10 ատոմակայանի հնարավորությանը: Այդ էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար մշակվել է երկու երթուղի, որոնցից մեկը պետք է անցնի Թուրքիայի ու Բուլղարիայի տարածքով: Մյուս երթուղին պետք է անցնի Հյուսիսային Աֆրիկայով դեպի Իսպանիա ու Իտալիա: