![](/banners/BeFunky-design.jpg)
Էդուարդ Շարմազանովի կոչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Թող գա՝ իր թիմին տեր կանգնի
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Sharmazanov7-e1349264843788.jpg)
«Զարմանալի կլինի, եթե անկախ հանրապետության քաղաքական ուժերից որևէ մեկի ղեկավարը այլ երկրների մայրաքաղաքում դաբրո փնտրեր, բայց նույնքան զարմանալի է, երբ երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը, մսխելով իր քաղաքական կապիտալը, անլուրջ գործունեությամբ է զբաղվում և ինքն իրեն մտցնում է քաղաքական փակուղու մեջ»,- 168.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին:
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե ինքը ՌԴ-ի մայրաքաղաք մեկնել է Սերժ Սարգսյանի կեղծ երդումից հետո և հնարավոր է՝ այդ առաքելությամբ այլ երկրների մայրաքաղաքներ նույնպես այցելի՝ Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանի վերընտրված նախագահը Սերժ Սարգսյանն է:
ՀՀԿ խոսնակը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց չմսխել իր քաղաքական կապիտալը և զբաղվել լուրջ գործունեությամբ: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ փառք Աստծո, նա դեռ այդ հնարավորությունն ունի, բայց եթե այսպես շարունակի, լավատեսության հիմքեր գոնե ինքը չունի:
Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ նախագահի նախկին թեկնածուն մեկնեց Մոսկվա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի տրամաբանությունը նույնիսկ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները չեն հասկանում, պարոն Շարմազանովը որտեղի՞ց բացատրի»:
Մամուլում տարատեսակ տեղեկություններ եղան՝ Մոսկվայում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր հանդիպումների մասին: Է.Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն չունի՞ ինֆորմացիա, թե ում հետ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, թե իր կուսակցությունը զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով: «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ տարբեր այցերով գնում է այս կամ երկրի մայրաքաղաք: Քաղաքական պրոցեսները տեղի են ունենում ավագանու ընտրությունում, թող գա, տեր կանգնի իր թիմին, «Բարև, Երևանով» զբաղվի»,- կոչ արեց Էդուարդ Շարմազանովը:
Նա վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Մոսկվա բոլորովին էլ դարակազմիկ իրադարձություն չէր և ՀՀԿ-ում էլ առանձնակի ուշադրություն չեն դարձրել դրան: «Նրա այս պայքարի ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ որևէ տրամաբանություն չկա: Եթե էմոցիան հանենք, ես քաղաքական օրակարգ չեմ տեսնում»,- վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը: