Բաժիններ՝

«Լարինդան և Վենեսիոն» . կատակերգական օպերայի պրեմիերա Երևանում

«Լարինդան և Վենեսիոն» օպերան առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին: Բեմադրիչ Բրունո Ստրեյֆի օպերային բեմադրությունը հաջողություն է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, ինչպես նաև Միջին Արևելքում: Ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հայ հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա դիտելու «Լարինդան և Վենեսիոն» կատակերգական օպերան:

Լարինդայի կերպարը մարմնավորում է ֆրանսուհի Ան-Շառլոտ Մոնվիլը, իսկ Վենեսիոյի դերում է հանրահայտ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը: Վերջինս թեև ապրում և աշխատում է Ֆրանսիայում, սակայն տարին մեկ կամ երկու անգամ գալիս է հայրենիք: Ինչպես ինքն է ասում՝ «ես հայ եմ, և դա իմ երակներում է»:  Նրա վերջին համերգային տեսքով այցելությունը 2008-ին էր: «Չեմ սիրում, երբ ձանձրացնում ես մարդկանց, ուզում եմ, որ ինձ կարոտեն: Ուզում եմ զգալ, որ իմ հանդիսատեսը սպասում է ինձ»,- ասաց Մուրադ Ամիրխանյանը: Անդրադառնալով ապրիլի 13-ին ներկայացվելիք «Լարինդան և Վենեսիոն» կատակերգական օպերային, Մ. Ամիրխանյանը նշեց, որ այն հասկանալի, ընկալելի և սիրելի կլինի բոլոր տարիքային խմբերի համար:

«Եթերային է, վստահ եմ, որ բոլորը կհավանեն: Ամեն բան արել ենք: Ես և մաեստրոն ցանկանում ենք, որ մեր օրկեստրը երեկոյի ընթացքում կեղծամներ և հատուկ զգեստներ կրի: Ինձ համար շատ կարևոր է մթնոլորտը: Ցանկանում եմ, որ մարդիկ նույնիսկ այն ժամանակ, երբ տոմսերը ձեռքներին կտեղավորվեն դահլիճում, տեսնեն 18-րդ դարի շնչով հագնված մարդկանց»,- ասաց Ա. Ամիրխանյանը: Վերջինս Ան-Շառլոտ Մոնվիլի մասին խոսելիս նշեց, որ նա «գոհար է», ում կարողացել է գտնել: «Փարիզում, փորձերի ժամանակ նկատել էի նրան: Վստահ էի, որ նա կկարողանա մարմնավորել Լարինդայի կերպարը»,- ասաց երգիչը:

Նշենք, որ օպերան Հայաստանում ներկայացնելուց հետո, այն կներկայացվի նաև  Թուրինի, Փարիզի հասարակությանը: Հայաստանում խումբը մնալու է երկու օր: Օպերայի բեմադրիչը՝ Բրունո Ստրեյֆը, երեկ երեկոյան է ժամանել Երևան և միանգամից թատրոն է գնացել՝ ծանոթանալու պայմաններին: Գլխավոր փորձը տեղի կունենա ապրիլի 13-ին, ապա խումբը օպերասեր հանրությանը կներկայացնի «Լարինդան և Վենեսիոն» կատակերգական օպերան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս