Իրանն ԱԷՄԳ-ին իրազեկել է, որ Բուշեհրի ատոմակայանը չի տուժել ավերիչ երկրաշարժից
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն ԱԷՄԳ-ին իրազեկել են, որ Բուշեհրի ատոմակայանը չի տուժել ապրիլի 9-ին երկրի հարավ-արևմտյան շրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից:
Այդ երկրաշարժը տեղի էր ունեցել Բուշեհրի ատոմակայանից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Իրանի իշխանությունների պնդմամբ՝ որևէ վնաս չի պատճառել ատոմակայանին: Իրանական կողմը հավելել է, որ երկրաշարժի հետևանքով չի գրանցվել ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք:
Սրանից առաջ ռուսական «Ատոմստռոյէքսպորտ» ընկերության, որը կառուցել է Բուշեհրի ատոմակայանը, ներկայացուցիչը հայտնել էր, որ երկրաշարժը զգացվել է ատոմակայանում, սակայն չի ազդել նրա աշխատանքների վրա: