Թե ինչ էր կատարվում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

«Մենք գնում ենք Բաղրամյան պողոտա` մեր նստավայր»,- երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր ավելի վաղ` «Նոր Հայաստանի երդմնակալության» ժամանակ, կոչ էր արել այսօր որպես նախագահ երկրորդ անգամ երդում տված Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին գալ Ազատության հրապարակ և միանալ ժողովրդին:

Առաջին արգելքի հաղթահարում

Իջնելով հարթակից` Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղվեց դեպի հյուսիս` Բաղրամյան պողոտա, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ նրան դիմավորեցին մի խումբ ոստիկաններ` թույլ չտալով առաջ շարժվել: Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի ետևից գնացող բազմությունը, ճնշում գործադրելով, ի վերջո, կարողացավ ճեղքել պատնեշը և շարժվել առաջ: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները` Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Ստեփան Սաֆարյանը և այլք, շղթա կազմած, վճռականորեն ուղղվեցին դեպի նախագահական նստավայր:

Առաքելությունն անիրագործելի է

Կարդացեք նաև

Շատ շուտով պարզ դարձավ, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվի, քանի որ ցուցարարներին դիմավորեց մի քանի շարքերից կազմված ոստիկանական հոծ շղթան: Հենց այստեղ կրքերն իսկապես բորբոքվեցին, երբ քաղաքացիները և ոստիկանները հայտնվեցին դեմ դիմաց, և տեղի ունեցավ իսկական բախում, ու սկսվեց խառնաշփոթ:

Այս վիճակը տևեց բավական երկար և ավելի սրվեց, երբ Ոստիկանության շարքերը սկսեցին առաջ շարժվել, ու ստեղծվեց իրական վտանգ, երբ նրանց առջև կանգնած քաղաքացիներից շատերը կարող են ուղղակի ոտնակոխ լինել: Եղան նույնիսկ վիրավորներ. համացանցում արդեն տարածվել են արնաշաղախ Արմեն Մարտիրոսյանի` «Ժառանգության» փոխնախագահի լուսանկարները, բացի այդ, ևս մի քաղաքացի ուշագնաց եղավ: Իրավիճակը շարունակում էր անորոշ մնալ, և որևէ մեկը չգիտեր, թե ի՞նչ է լինելու հետո: Մոլորված ցուցարարները կարծես առաջնորդի փնտրտուքի մեջ էին և փնտրում էին որևէ հայտնի գործչի, ումից կիմանային, թե ինչ են անելու: Որոշ ժամանակ անց եկավ  Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց սպասել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այդ ընթացքում հեռացել էր: Իրավիճակի առանձնահատկություններից մեկն այն է, որ ժողովրդին առաջնորդած տարբեր գործիչներ հանդես էին գալիս ամենատարբեր առաջարկներով. օրինակ, քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանն էլ իր հերթին՝ առաջարկել է վերադառնալ Ազատության հրապարակ:

Եկան Րաֆֆին, «զորավարը» և «սպեցնազը»

Շուտով հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս հետ բանակցելու էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում Րաֆֆին, որպես հարգանքի նշան, դիմում է «զորավար» կոչումով: Վ.Գասպարյանին և այլ բարձրաստիճան ոստիկաններին շրջապատած ոստիկանական շղթան, ցավոք, թույլ չտվեց լսել, թե ինչի՞ մասին են նրանք խոսում, բայց շուտով լսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնը, ով, բարձրախոսով դիմելով Ոստիկանապետին, հայտարարեց, որ անձամբ ներողություն է խնդրում, եթե որևէ ոստիկանի հանդեպ ոտնձգություն է տեղի ունեցել, սակայն միաժամանակ հիշեցրեց, որ «հայրենիքը նաև այս ժողովուրդն է», որը եկել էր հրապարակ: Շուտով Րաֆֆի Հովհաննիսյանը և Վլադիմիր Գասպարյանը հեռացան` շարժվելով դեպի Սարյան փողոց: Նրանք շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշարձան` Ցեղասպանության զոհերի հիշատակին մոմ վառելու նպատակով, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները նշանավորվեցին ևս մի դրվագով, երբ դեպքի վայր բերվեց Հատուկ նշանակության զորքերի դիմակավորված ջոկատը («սպեցնազ»), որին ցուցարարները դիմավորեցին բուռն դժգոհությամբ:

Ավելացնենք, որ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, Րաֆֆի Հովհաննիսյանից անկախ, կոչ էր արել նստացույց սկսել անմիջապես Բաղրամյան պողոտայում, սակայն ավելի ուշ բերման ենթարկվեց Ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս