Քաղաքացիական համազգեստով «պահապանները» Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը, այսօր Բաղրամյան փողոցի վրա բախում է տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանների միջև: ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին թվով գրեթե 20 երիտասարդ ակտիվիստներ էին կանգնած, ում, սակայն, հավաքված ոստիկանները հրելով իջեցրին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ` պատճառաբանելով, թե երտասարդներն այնտեղ կանգնելով հասարակական կարգ են խախտում:

Ի դեպ, ոստիկանների թվում, ովքեր կոպիտ հրում ու երիտասարդներից շատերին գետնին գցելով իջեցնում էին նախագահի նստավայրի հարակից տարածքից, կային նաև անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, ովքեր ևս ստանձնել էին «հասարակական կարգի պահպանման դերը»:

Շուտով երիտասարդներին միացավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցոթյան պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով փորձում էր հանդարտեցնել լարված մթնոլորտն ու հասկանալ, թե ի վերջո ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որոնք ոստիկանների հետ հավասար պայքարում էին «հասարակական կարգի պահպանման համար»:

Զարուհի Փոստանջյանը ոստիկաններից պահանջում էր բացատրել, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս երիտասարդներին անցնել փողոցը: Պատգամավորը խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ պետք է երիտասարդները հեռանան այնտեղից, ինչին ի պատասխան Երևանի ոստիկանության քաղաքային վարչության հասարակական բաժնի պետ Կարեն Մովսիսյանն ասաց, թե ՀՀ նախագահական նստավայրում պետք է տեղի ունենա ՀՀ նախագահի երդման արարողության հերթական միջոցառումը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է քաղաքացիական հագուստով ներկա անձանց, ոստիկանները, այդ թվում՝ Կ. Մովսիսյանը հերքեցին նման մարդկանց առկայությունն ու պնդեցին, թե չեն տեսել տվյալ անձանց ներկայաությունը (ի դեպ, 168.am-ի տեսանյութում ակնհայտ երևում են քաղաքացիական հագուստով այդ անձինք, ովքեր հրում էին երիտասարդներին):

Ընթացքում երիտասարդներին միացավ նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով Զարուհի Փոստանջյանի հետ մի քանի անգամ կոչ արեց երիտասարդներին իջնել Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է «Ձեր առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Բայց ակտիվիստներից ոմանք հակադարձեցին, թե՝ «մենք առաջնորդ չունենք, ուզում ենք այստեղ մնալ»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս