Ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 18:00-ին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ շարունակվում է երթը Երևանի փողոցներով: Որոշակի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում մնալուց հետո, նրան չհաջողվեց ոստիկանների հետ համաձայնություն ձեռք բերել ճանապարհը բացելու վերաբերյալ, և քիչ առաջ երթի մասնակիցները նեղլիկ փողոցներով, շենքերի բակերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամը 18:00-ին բոլորին ժամադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց այս պահին օդում կախված է մի հարց՝ ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 18:00-ին և դրանից հետո:

Դատելով վերջին ժամերի իրադարձություններից, որոնք, ըստ էության, ոչ թե կանխամտածված, կազմակերպված կամ համակարգված էին, այլ ավելի շատ ինքնաբուխ. «Ժառանգության» առաջնորդը մինչ այս պահն, ըստ ամենայնի, չգիտի իր քայլերի շարունակությունը: Այդ մասին են վկայում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարություններում առկա բազմաթիվ հակասությունները:

Մասնավորապես՝ մի կողմից՝ նա ժողովրդին կոչ արեց ներկա գտնվել Ազատության հրապարակում ժամը 18:00-ին, հայտարարեց նաև «արշալույսը միասին դիմավորելու» մասին, մյուս կողմից՝ խոստացավ իր անելիքների մասին տեղեկացնել առաջիկա ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում: Այսինքն՝ մի կողմից՝ Րաֆֆիի քայլերում կարելի է նկատել բողոքի գործողություններն անժամկետ դարձնելու միտում, մյուս կողմից՝ նա արդեն իսկ հայտարարել է հանրահավաքի հաջորդ ժամկետը: Եվ ամենակարևորը՝ առայժմ իր գործողությունների շարունակության որևէ տրամաբանական ծրագիր չի ներկայացրել: Նրա այսօրվա ելույթներն, առավել քան երբևէ, հագեցած են միայն ու բացառապես զգացմունքներով, հայրենասիրական ձևակերպումներով, սիրո խոստովանություններով, բայց ոչ երբեք՝ քաղաքական քայլերի մասին գոնե մոտավոր ակնարկներով:

Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանում առկա է հասարակության զգալի հատված, որը չի ընդունում այս իշխանություններին, չի ընդունում Սերժ Սարգսյանի նախագահությունը: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ հրապարակում լայն իմաստով բացակայում է այդ բողոքական ալիքն ուղղորդելու կարող առաջնորդ:

Այս պահին, կրկնում ենք, օդում կախված է «Ի ՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 18:00-ին և դրանից հետո»  հարցը: Դժբախտաբար, այդ հարցի պատասխանը չգիտի անգամ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կոչով այսօր ոչ միայն Երևանից, այլև բազմաթիվ մարզերից հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում:

Հրապարակը այս պահին գործողությունների պատրաստ առաջնորդի կարիք ունի: Գուցե մեկին կամ մի քանիսին, ովքեր կկարողանան օգնել, աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ժամանակի ու իրադարձության մեջ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս