Ներսես Նազարյանը՝ Արմեն Մարտիրոսյանի հետ նախապես պայմանավորվածության մասին
Քիչ առաջ ՀՀ նախագահականի դիմացից բռնի ուժով ոստիկանները հեռացրեցին հավաքված ակտիվիստ երիտասարդներին, իսկ թվով 6 երիտասարդների տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:
Երևանի քաղաքային ոստիկանության պետ Ներսես Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխված երիտասարդները երեք ժամից ազատ կարձակվեն:
Ն. Նազարյանը նաև հայտարարեց, թե իրենք «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ նախապես պայմանավորվել էին, որպեսզի Բաղրամյան փողոցում բողոքի ակցիաներ չանցկացնեն. «Նախապես պայմանավորվել էինք Արմեն Մարտիրոսյանը հետ, որտեղ ուզում են՝ թող բողոքի ակցիա անեն, բացի Բաղրամյան փողոցից»,- ասաց Ն. Նազարյանը:
Հարցին, թե սա ինքնաբուխ ակցիա է եղել, Ն. Նազարյանը պատասխանեց, թե դա կապ չունի և իրենք պատասխանատու են նաև դրա համար: Նրա խոսքով՝ ոստիկանության գործողությունները համարժեք են, և որևէ այլ երկրում ավելի խիստ միջոցներ են կիրառում նման դեպքերում: