Բաժիններ՝

«Կռունկ Էյր»-ը պատրաստվում է լիցենզիա ստանալ

«Կռունկ Էյր» անվանումը կրող ընկերությունը պատրաստվում է 3 ամսից թռիչքներ իրականցնել՝  կայունություն բերելով հայաստանյան ավիափոխադրումների ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Կռունկ Էյր»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը հավակնում է աննախադեպ լինել հայկական ավիաշուկայում, թռիչքներ կկատարեն ավելի քան 60 ուղղություններով։

Վլադիմիր Պողոսյանի խոսքով, իրենց մոտ դեռեւս փաստաթղթերի պատրաստման գործընթաց է, եւ եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, ապա մոտ 3 ամսից կսկսեն թռիչքներ իրականացնել:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի ազգային ավիափոխադրող տիտղոսը ստացած Արմավիա ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքներ իրականացնել եւ սկսել է սնանկացման գործընթացը: Սա նշանակում է, որ մեր երկրում արդեն մեկ շաբաթ է ինչ գոյություն չունի անգամ մեկ հայկական ավիաընկերություն, որը ունակ կլինի օդային ուղեւորափոխադրումներ իրականացնել: Ստեղծված իրավիճակը, որոշ մասնագետների կարծիքով, ակնհայտ սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը, քանի որ եթե Հայաստանում որեւէ ճգնաժամային իրավիճակ ստեղծվի, եւ արտասահմանյան ընկերությունները որոշեն այլեւս չգալ Հայաստան, ապա երկիրը կհայտնվի օդային շրջափակման մեջ:

Կարդացեք նաև

Վլադիմիր Պողոսյանի խոսքով իրենց ընկերությունը՝ «Կռունք Էյրը», պատրաստվում է աշխատանքի ընդունել բոլոր այն օդաչուներին, ովքեր այլեւս աշխատանք չունեն: Նրա խոսքով, մասնագետների պատրաստումը միլիոնավոր դոլարներ արժի, եւ իրենք չեն պատրաստվում թույլ տալ, որպեսզի դեռեւս Հայաստանում գտնվող մասնագետները արտագաղթեն։

«Կռունկ Էյր»–ը խոստանում է «Արմավիա»–ի համեմատ աննախադեպ՝ շուրջ երկու անգամ ցածր գներ։ Ընկերությունը նաեւ ցանկություն ունի շահագործել «Ա-340» օդանավ, որով դեպի Լոս Անջելես ուղիղ չվերթներ իրականացնելու հնարավորություն կստեղծվի:

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Կռունկ Էյր» անվանումով ընկերություն գրանցելու համար իրենց փաստաթղթեր դեռեւս չեն ներկայացրել:

Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ «Կռունկ Էյր» անվանումով ավիաընկերություն Հայաստանում գրանցված չէ: Մեզ հետ զրույցում Վլադիմիր Պողոսյանը չհերքեց սա, նշելով, որ «Կռունկ Էյր»-ը ոչ թե ավիաընկերություն է, այլ փակ բաժնետիրական ընկերություն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Կռունկ Էյր» անվանումով ՓԲԸ գրանցված է 2008 թվականի դեկտեմբերից: Որպես հիմնադիրներ նշված են Հմայակ Մարգարյանի եւ Վլադիմիր Պողոսյանի անունները: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքով բաժնետերերը բոլորը ազգությամբ հայեր են, թեեւ ոչ բոլորն են ապրում հայրենիքում: Նա չցանկացավ նշել բաժնետերերի անունները, սակայն նշեց, որ փորձելու են ամեն ինչ անել ավիացիոն ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս