Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվել է բողոքի ակցիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև: Ցուցարարները «զինված են եղել» հակաթուրքական մի շարք պաստառներով՝ «Դատապարտում ենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը», «Մենք չունենք ավելորդ տարածքներ», «Դադարեցրե՛ք Աջարիայի իսլամաականացումը»:
Ցուցարարները պարզաբանում են պահանջել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարության կապակցությամբ. «Ակնհայտ է, որ Թուրքիան ունի հեռու գնացող պլաններ: Թուրքիան սկսում է վերականգնել Օսմանյան կայսրությունը և լրջորեն մտածում է առանց պատերազմի ու հարձակման միջոցով իրեն միացնել Աջարիան: Դավութօղլուի հայտարարությունը վիրավորական է և պառակտում է մտցնում երկու երկրների միջև»:
Ցուցարարները հավելել ենո, որ ստորագրելու են համատեղ հայտարարություն, որը հանձնելու են Թուրքիայի դեսպանատանը:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին Բաթում այցելած Դավութօղլուն հայտարարել էր. «Աջարիայում բնակվում է մոտ 100.000 մուսուլման, որոնք հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ և ցանկանում են ունենալ մզկիթ: Բիձինա Իվանիշվիլին իր պատասխանատվության տակ է վերցրել այդ հարցը:
Եթե քրիստոնյաները կարիք ունեն եկեղեցու, ապա նույն կերպ էլ Վրաստանի քաղաքացի մուսուլմանները կարիք ունեն մզկիթի: Հուսով եմ, որ Վրաստանում կկառուցվի մզկիթ: Թուրքական կողմն էլ իր հերթին իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանների վերականգնումը»: