
Ադրբեջանական SOCAR-ն առաջիկա 5 տարում Թուրքիայի էներգետիկ ոլորտում կներդնի 17 միլիարդ դոլար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) առաջիկա 5 տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ ոլորտում ներդնելու է 17 միլիարդ դոլար:
Այս մասին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզըի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ SOCAR-ը հաջողությամբ շարունակում է Թուրքիայում իրականացնել պլանավորած նախագծերը. «Առաջիկա 5 տարում մենք 17 միլիարդ դոլար կներդնենք Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է»:
Թաներ Յըլդըզն իր հերթին նկատել է, որ «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագիծը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև՝ Եվրոպայի համար: Յըլդըզը հավելել է, որ այդ նախագծում ներդրվելու է 10-12 միլիարդ դոլար: