Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել Femen-ի ակցիան (տեսանյութ)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել Գերմանիայի Հաննովեր քաղաքի տոնավաճառում ուկրաինական Femen շարժման ակտվիստուհիների ակցիան:
Femen-ի կիսամերկ աղջիկների ակցիան անցկացվել է այն պահին, երբ Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանգնած են եղել տվյալ տոնավաճառում Volkswagen ընկերության տաղավարի առջև:
Այդ ժամանակ բազմաթիվ լրագրողների շրջանում գտնվող մի քանի աղջիկ առաջ են եկել, հայտնվել են Պուտինի ու Մերկելի մոտ և մերկացել՝ անգլերենով վանկարկելով անհարգալից կարգախոսներ: Նույն արտահայտությունները նրանք գրել են իրենց մարմնի վրա:
Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել այդ ակցիան՝ հավելելով, որ ամեն դեպքում ավելի լավ է քաղաքական քննարկումները ծավալել հագնված վիճակում: