Կմասնակցի, եթե ավելի կարևոր գործ չունենա
168.am-ը հետաքրքրվեց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից , թե վաղը ԲՀԿ- արդյո՞ք ներկա է գտնվելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Պատգամավորն ի պատասխան ասաց. «Վաղը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հատուկ որոշում չի կայացվել»: Այնուհետ նա նշեց, որ վաղը ԱԺ հատուկ նիստն է, և ովքեր ցանկանում են, կմասնակցեն դրան: «Վաղը ԱԺ-ի հատուկ նիստն է, մեր աշխատանքն է, և նրանք ովքեր ցանկություն կունենան մասնակցելու՝ կմասնակցեն, ովքեր ոչ՝ ոչ: Մասնակցել, չմասնակցելու վերաբերյալ հատուկ որոշում չկա»,- ասաց Մ. Գրիգորյանը: Մեր հարցին, թե ինքն անձամբ մասնակցելո՞ւ է այդ հատուկ նիստին, և արդյո՞ք խմբակցությունում որոշում չ՞ի կայացվել այդ մասին, նա պատասխանեց. «Վաղը ազգային ժողովի նիստ է, մենք պատգամավոր ենք, դա մեր աշխատանքն է, և Ազգային ժողովի պատգամավորներից ով ավելի կարևոր գործ ունի, չի մասնակցի: Ես, եթե ավելի կարոևր գործ չունենամ, բնականաբար, կմասնակցեմ»: