«Չի բացառվում նաև բախումային տարբերակը»
Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց իր առաջարկ-պահանջները, բայց գործող նախագահի հետ նրա հանդիպումը չեմ կարծում, թե մինչև ապրիլի 9-ը կկայանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, քաղաքական դաշտում մեծ ցնցումներ չկան և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմի զուգահեռ կառավարության, ստվերային կառավարության ձևավորմանը, «չի բացառվում նաև բախումային տարբերակը»:
168.am-ի հարցին՝ ինչն է ստիպում ենթադրել, որ բախումները հնարավոր են, երբ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրվածությունը կարծես այդ մասին չեն հուշում, քաղաքագետը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումներ շատ են տարբերվում միմյանցից: Սերժ Սարգսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են: Վերջինս պահանջում է պաշտոններ, միաժամանակ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը պատկերացնում է, որ պաշտոններ պահանջող քաղաքական գործիչը պետք է դադարի լինել ընդդիմադիր ու մտնի իշխանական կոալիցիայի մեջ:
Այս առումով իր համար հստակ չեն Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ համարում է, որ իրենցից ձայներ գողաալու համար Սերժ Սարգսյանը պետք է հատուցի, ինչի գինը Սերժ Սարգսյանը վիրավորական է համարում: Ընդհանուր հայտարարի իրենք օբյեկտիվորեն գալ չեն կարող: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի գնա սրացման պրոցեսով, ձևավորի այլընտրանքային իշխանություն, ապա Սերժ Սարգսյանը կգնա կտրուկ քայլերի: Կա նաև մեկ տարբերակ ևս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը կմարի»:
Նա ավելացրեց, որ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումների տարբերութունը նման է ղարաբաղյան կոնֆլիկտին և այդ առումով կոմպրոմիսային տարբերակ այս գործիչների մեջ, ըստ նրա, գոյություն չունի:
Իսկ ավագանու ընտրություններում կոմպրոմիսային տարբերակ լինել, ըստ Բոզոյանի չի կարող, որովհեև «դա բոստան չի, որ ախպերաբար բաժանեն երկու մասի, երբ կան մասնակցող այլ ուժեր»:
Ըստ քաղաքագետի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես կոմպրոմիսային տարբերակով էր ցանկանում լուծել ստեղծված դրությունը, նա պետք է գնար այլ ճանապարհով՝ Ազատության հրապարակում, որը քաղաքական այն բորսան է, որտեղ քաղաքական ուժը ցույց է տալիս իր մկանները, ստեղծեր հավաքական, երբ պաշտոնների ցանկը շատ տեսանելի չէր լինի: