Իրանը սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ եթե արևմտյան երկրները չեն ճանաչում ատոմային էներգիայից օգտվելու Իրանի իրավունքը, ապա խորհրդարանի օրակարգում կարող է հայտնվել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Իրանի դուրս գալու հարցը.
«Անընդունելի է, որ ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները չեն ճանաչում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 6-րդ (միջուկային զենքի կրճատում) և 4-րդ (ատոմային էներգիա օգտագործելու Իրանի իրավունքի ճանաչում) հոդվածները, մինչդեռ Իրանը հարգանքով է վերաբերում այդ պայմանագրին ու ԱԷՄԳ-ի կանոններին:
Եթե այդ երկրներն առանց արժանի ուշադրության վերաբերեն պայմանագրի հոդվածներին, ապա անիմաստ կդառնա Իրանի անդամակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Իրանը կարող է վերանայել պայմանագրի անդամ հանդիսանալու հարցը:
Երկրի խորհրդարանը չի կարող անտարբեր մնալ՝ տեսնելով Իրանի ժողովրդի հանդեպ նմանատիպ անարդարություն: Դա ռազմավարական որոշում է, և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն անում է ամեն հնարավոր բան՝ ժողովրդի իրավունքների պահպանման համար»: