2014 թվականին կոնկրետ քայլեր կձեռնարկվեն TANAP գազատարի նախագծի իրագործման ուղղությամբ. Թաներ Յըլդըզ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին կոնկրետ աշխատանքներ կիրականացվեն 1800 կիլոմետր երկարությամբ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Վերջինս ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում հստակեցվում է այն տարածքը, որով անցնելու է տվյալ խողովակաշարը.
«Նախագիծը մշակած ընկերությունն իր կենտրոնը տեղափոխել է Թուրքիա: Հետագայում TANAP-ով փոխադրվելիք գազը կարող է TAP (Անդրադրիատիկ) գազատարի միջոցով արտահանվել Եվրոպայի հարավ, կամ էլ Nabucco-West գազատարով արտահանվել Եվրոպայի հյուսիս:
Այդ երկու երթուղիների միջև ընտրությունը պետք է կատարի «Շահ Դենիզ» կոնսորցիումը: Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպայի ու Ասիայի միջև յուրաքանչյուր ոլորտում, սակայն նա չի չարաշահում իր աշխարհագրական առավելությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախորդ տարի հայտարարել էր, որ 2013 թվականին մեկնարկելու են TANAP-ի շրջանակներում հողափորման աշխատանքները: