
Ջոն Քերին ու Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում միմյանց են հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը, պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայի, Կիպրոսի հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ջոն Քերիի հետ հանդիպման արդյունքներով Դավութօղլուն հայտարարել է. «Հայ-թուրքական հարաբերություններն ունեն վճռորոշ նշանակություն, որոնք առավել համալիր մոտեցման նախաձեռնության կարիք ունեն: Մինսկյան գործընթացը պետք է ապահովվի գնալով ավելի աճող ազդակով»:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը շարունակելու են հետագայում նույնպես շոշափել այդօրինակ հարցեր: