Կոսմետոլոգիայի թագուհի Էսթե Լաուդերի 10 բիզնես կանոնները
Luxlux.net կայքը հրապարակել է «Estee Lauder» ապրանքանիշի հիմնադիր Էսթե Լաուդերի 10 բիզնես կանոնները.
1.Սիրե՛ք ձեր աշխատանքը: Բացի որոշակի հատկանիշներից, բիզնեսմենի համար կարևոր է սիրել սեփական գործը: Էսթե Լաուդերը համոզված էր, որ ինքը չէր կարողանա բարձունքների հասնել, եթե ոչ թե կոսմետիկա, այլ ավտոմեքենա վաճառեր:
2.Կարևորը ռիսկն է: Հաջողակ են այն անձինք, ովքեր հետևում են իրենց ներքին ձայնին, ռիսկի են գնում, օգտագործում են ցանկացած հնարավորություն: Հայտնի կինը վստահեցնում էր, որ չի ճանաչում որևէ հաջողակ անձնավորության, ով ռիսկի չի դիմել:
3.Գումար խնայե՛ք: Այս կնոջ մասին հաճախ գրում էին, որ նա ոչնչից մեծ կարողություն է ստեղծել: Ինքը՝ Էսթե Լաուդերը, մշտապես հերքում էր այդ պնդումները. «Դա սուտ է: Եթե դուք պատրաստվում եք սեփական գործը բացել, շատ գումար խնայե՛ք կամ էլ գտե՛ք անհրաժեշտ գումարը»:
4.Հաջողությունը վայրկենական չի լինում. «Դա առասպել է, միֆ: Հավատացե՛ք՝ ես ավելի հաճախ արտասվում էի, քան հաց ուտում: Լարված աշխատանք, անքուն գիշերներ, անհանգստություն և ցավ: Ահա թե ինչ եմ ստիպված եղել վերապրել»:
5.Լավ հագնվե՛ք: Իր բիզնեսը սկսելու ժամանակ Էսթե Լաուդերը չուներ ոճաբաններ, սակայն ասում էր. «Ես պետք է որքան հնարավոր է լավ տեսք ունենամ, որպեսզի որքան հնարավոր է շատ վաճառեմ»:
6.Նվերներ նվիրե՛ք: Էսթե Լաուդերը նվերներն իր «գաղտնի զենքն» էր համարում: Նա գիտեր, որ նվերները գնումներն ավելի գրավիչ են դարձնում:
7.Ուշադրություն գնորդի նկատմամբ: «Estee Lauder» ապրանքանիշը հաջողության հասավ միայն այն բանի շնորհիվ, որ նրա ղեկավարը մեծ ուշադրություն էր դարձնում գնորդներին:
8.Հատուկ առաքելություն: «Իմ առաքելությունն է՝ որքան հնարավոր է շատ կանանց ցույց տալ՝ ինչպես գեղեցկանալ և ինչպես պահպանել գեղեցկությունը»,- ասում էր Էսթե Լաուդերը:
9. Գավառականներից մի՛ վախեցեք: «Պետք չէ թերագնահատել այն մարդկանց, ովքեր ապրում են փոքր քաղաքներում և շատ միջոցներ չունեն: Նրանք նույնպես կգնեն, եթե համոզեք»,- ասում էր նա:
10.Խորհուրդ կանանց. «Պետք է քաղաքավարի ձևով ամուսնուդ հնարավորություն տաս՝ իրեն ուժեղ և կարևոր զգալ, և այդ դեպքում նա իրոք ուժեղ և կարևոր կլինի»: