Բաժիններ՝

«Հայաստանում գիտնականը պետք է գտնի ինչ-որ գործարարի, մինչդեռ Գերմանիայում հակառակն է…»

Աննա Ճենտերեճյանը ներկայում բնակվում է Գերմանիայում, որտեղ աշխատում է իր դոկտորական աշխատանքի վրա` Շտուտգարտի Հոհենհայմի համալսարանում: Աշխատանքի թեման պարենային ապահովությունն է, հատկապես հասարակական կազմակերպությունների (հ/կ) դերը գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում: Ա. Ճենտերեճյանն ուսումնասիրում է մասնավորապես այդ հարցը Հայաստանում և Վրաստանում:
Մինչ Գերմանիա գնալը Ա. Ճենտերեճյանը Հայաստանում ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, որից հետո ուսումը շարունակել է Հունգարիայում` Կենտրոնական Եվրոպական համալսարանում: Այնուհետև 2004 թ. վերադարձել է Հայաստան և սկսել է աշխատել ոչ թե որպես գիտնական, այլ միջազգային հ/կ-ում:

– Ինչո՞ւ որոշեցիք գնալ արտասահման և այնտեղ աշխատել Ձեր գիտական աշխատանքի վրա:
– Ասպիրանտուրան շարունակելու մտադրություն միշտ էլ ունեցել եմ, սակայն դա ուզում էի անել ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում, քանի որ այն, ինչ ես ուզում էի անել մասնագիտական առումով, Հայաստանում նման հնարավորություն չկար, խոսքը հատկապես միջառարկայական հետազոտությունների մասին է: Հիմա չգիտեմ` ինչպե՞ս է, սակայն տարիներ առաջ Հայաստանում պրոֆեսորները հիմնականում ավելի նեղ մասնագիտացում ունեին և կարող էին քեզ օգնել հենց նեղ` կոնկրետ միայն տվյալ առարկային վերաբերող հարցերով, սակայն ինձ ավելին էր պետք: Այստեղ (Գերմանիա.- Լ.Մ.) գալու հիմնական պատճառը դա էր, սակայն նաև անձնական հարցեր էլ կային. ամուսինս ևս գիտնական է, մենք երկուսով փնտրում էինք մի վայր, որտեղ երկուսիս գիտական աշխատանքների համար հնարավոր կլիներ համապատասխան համալսարանններ գտնել: Օրինակ, Հունգարիայում գտնվելուս ժամանակահատվածում ես սովորեցի, որ գիտնականը կարող է տարբեր հնարավորություններ ունենալ, օրինակ, տարբեր այլ համալսարանների մասնագետների հետ հանդիպումներ ու դասախոսություններ կարող է լսել և վերցնել նրանց փորձառությունը, մինչդեռ Հայաստանում նման հնարավորություն չկար: Հայաստանում դու միշտ տեսնում ես քո ֆակուլտետի, քո ամբիոնի դասախոսներին, իսկ Եվրոպայում կրթական համակարգն ավելի լայն հնարավորություններ է տալիս: Օրինակ` նորմալ է, երբ բակալավրիատում քեզ սովորեցնում են ու անընդհատ ասում են` ինչն ինչպես անես, սակայն մագիստրատուրայում պետք է երիտասարդներին ինքնուրույն աշխատելու ու մտածելու հնարավորություն տալ: Երիտասարդները պետք է կարողանան նաև իրենց կարծիքն արտահայտել, ինչ-որ տեղ անգամ քննադատել նաև իրենց դասախոսներին կամ չհամաձայնել նրանց հետ: Հայ երիտասարդների շրջանում սեփական կարծիքն արտահայտելու այդ կաշկանդվածությունը հիմա ավելի լավ եմ զգում, հատկապես, երբ նրանք դեռ նոր են գալիս այստեղ սովորելու: Նրանց մոտ կա այդ մտածողության խնդիրը` ինչպես կարելի է դասախոսի կամ որևէ գիտնականի հետ չհամաձայնել: Դասախոսները նույնպես հաճախ թելադրում են իրենց կարծիքը: Բացի այդ, ֆինանսական հնարավորությունների սղությունը և գիտական ոլորտում ուսումնասիրություններ անելու ռեսուրսային պակասը ևս կաշկանդում և սահմանափակում է երիտասարդների ներուժը: Արդյունքում, նրանց մնում է երկու տարբերակ` կամ փորձել ամեն ինչ անել, որպեսզի դասախոսի կողմից «ընդունված» լինել, կամ փորձել գտնել այլ, ավելի հարուստ և լիբերալ համալսարան. Ամերիկյան համալսարանը Հայաստանում` գործող նմանատիպ օրինակ է: Հայաստանում որոշ մասնագիտություններում, շատ թեորետիկ դիպլոմայինից բացի, այլ աշխատանք կատարելու հնարավորություն ուղղակի չկա, քանի որ դրա ֆինանսական հնարավորությունն ուղղակի չկա, իսկ Եվրոպայում այդ իրավիճակը բոլորովին այլ է:
– Այսինքն` երիտասարդ ուսանողի, երիտասարդ գիտնականի առջև, ով հետագայում ցանկանում է շարունակել իր ուսումը և խորանալ իր մասնագիտության մեջ, բազմաթիվ սահմանափակումներ են առաջանում, որոնք խանգարում են նրան: 
– Եվ բնական, և ճշգրիտ, և հասարակական գիտությունների բնագավառում շատ են այդ խոչընդոտները: Հայաստանում հասարակական գիտություններով զբաղվելու շատ քիչ հնարավորություններ կան ապագայի համար, բացի այն, որ երիտասարդ գիտնականը մնա նույն համալսարանում և շարունակի դասախոսություններ կարդալ: Ինձ շատ է զարմացնում ու նաև բարկացնում, որ Հայաստանում համալսարանները, ասես, միմյանց հետ բոլորովին կապ չունեն, շատ հազվադեպ են համագործակցությունները: Այս ամենը կարծես լճացած վիճակ է ստեղծում յուրաքանչյուր համալսարանի համար: Բնական և ճշգրիտ գիտություններում մեծ հաջողությունների հասնելու համար պետք է ունենալ լավ լաբորատորիաներ, սարքավորումներ, ճկուն դասախոսական կազմ, որը տեղյակ է վերջին զարգացումներից: Այդ ամենի բացակայությունը կամ թերի լինելը նույնպես հանգեցնում է գիտական արտագաղթին:
– Ասացիք` ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, խոսենք Գերմանիայի մասին. ի՞նչ նոր ու հետաքրքիր բաներ տեսաք այդտեղի կրթական համակարգում, որը չկա Հայաստանում: 
– Սկսենք քննադատությունից (ծիծաղում է.- Լ.Մ.): Ես, փաստորեն, կարող եմ երկու տարբեր երկրների` Հունգարիայի և Գերմանիայի համալսարանների հետ համեմատություն անել: Ընդհանրապես այստեղի ուսումնական գործընթացը շատ ավելի դժվար է` ի տարբերություն Հայաստանի: Այստեղ դասախոսները շատ ուժեղ ճնշման տակ են. նրանք պետք է շատ գիտական հոդվածներ տպագրեն, որպեսզի իրենց վարկանիշը բարձրանա և ավելի հարգված լինեն: Այդ ամենն իրականում դրական հանգամանք է և, օրինակ, ինձ համար հաճելի է, որ իմ դասախոսները բավականին հայտնի են, և իրենք շատ հոդվածներ են տպագրում: Մինչդեռ, օրինակ, Հայաստանում շատ քիչ դասախոսներ են, ովքեր աշխատում են և հոդվածներ են տպագրում միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: ԵՊՀ ֆակուլտետների որոշ դասախոսներ հոդվածներ են տպագրում` լավագույն դեպքում ինչ-որ ռուսական հանդեսներում: Խոսքս, իհարկե, չի վերաբերում մի քանի իսկապես նվիրյալ գիտնականներին, ովքեր իրենց ուսումն ավարտելուց հետո դասավանդում են բուհում և փորձում են միջազգային հանդեսներում հոդված տպագրել:
Իհարկե, այստեղի դասախոսների` ճնշման տակ լինելը` շատ ժամանակ տպագրվող հոդվածների վրա աշխատելը և դրանց համար հետազոտական աշխատանքներ կատարելը և այլ համալսարաններում դասախոսություններ կարդալը (հաճախ Գերմանիայից դուրս), ունի նաև իր հակառակ կողմը, նրանց շատ քիչ ժամանակ է մնում իրենց դասախոսությունը կազմակերպելու համար, իսկ այդ ամենի արդյունքում` ուսանողների դասերն ավելի խտացված են անցնում, իսկ տնային հանձնարարականները շատ ավելի շատ են` ի տարբերություն Հայաստանի: Մասնավորապես, իմ համալսարանի մագիստրատուրայում սովորող ուսանողները շատ առարկաներ անցնում են «սեղմված ժամանակացույցով»: Դրանով հանդերձ` ուսանողներին ավելի մատչելի են թե հետազոտություն անելու, թե այլ համալսարաններում դասընթացներ լսելու հնարավորությունները։ Իհարկե, ես 10 տարի առաջ եմ Հայաստանում ավարտել մագիստրատուրան, և հնարավոր է, որ այդտեղ ևս շատ բան է փոխվել, սակայն մի բան հստակ է, Հայաստանում ուսանողները շատ քիչ հնարավորություններ ունեն հեշտությամբ օգտվելու միջազգային էլեկտրոնային գիտական շտեմարաններից` հետազոտական կամ ուսումնական աշխատանքներ կատարելու համար: Դա նվազագույնն է, ինչ պետք է տրամադրի համալսարանն իր գրադարանում կամ համալսարանի տարածքում: Ուսանողի կամ կրտսեր գիտնականի անտեղյակ լինելն իր բնագավառում վերջին հետազոտություններից` հարցի տակ է դնում իր` որպես մասնագետի, ապագան: Գրականությունից օգտվելու և ճիշտ հետազոտական աշխատանք անելու կանոնները պետք է ուսանողին առաջարկվեն բակալավրիատի առաջին տարիներից:
– Հայաստանում գիտության ոլորտի գրեթե բոլոր խնդիրների հիմնական պատճառ մատնանշում են գիտությանը հատկացվող քիչ ֆինանսավորումը: Այդտեղ այս խնդիրն ինչպե՞ս է լուծվում, թե՞ նման խնդիր Գերմանիայում չկա: 
– Այստեղ գիտությանը հատկացվող աջակցության մի քանի աղբյուրներ կան: Նախ` պետությունը ֆինանսավորում է համալսարաններին, որտեղ գտնվում է հիմնական գիտական ներուժը: Հետազոտությունները հիմնականում ֆինանսավորվում են տարբեր պետական և ոչ պետական հիմնադրամների կողմից:
Հետազոտական աշխատանքների հիմնական աղբյուրը տարբեր գերմանական հիմնադրամներն են, որոնք բավական տարածված են: Նաև տարածված են Եվրոպական Միության կողմից տրամադրվող դրամաշնորհները: Հարկ է նշել, որ այս բոլոր գիտական հետազոտությունները չեն ազդում ավագ գիտնականների` մասնավորապես պրոֆեսորների աշխատավարձի վրա, որը տրամադրվում է համալսարանի կողմից, սակայն գիտական ասպարեզում բարձր վարկանիշ ունենալու համար այդ հետազոտություններն անհրաժեշտ պայման են հանդիսանում: Բացի հետազոտական ծախսերը հոգալուց, որոշ կրտսեր գիտնականների, այդ թվում` ասպիրանտ ուսանողների աշխատավարձը փակվում է այդ դրամաշնորհների միջոցով: Նաև մագիստրական թեզերը գրելու ծախսերը կարելի է հոգալ հետազոտական ծրագրի շրջանակներում: Դա ստեղծում է մրցակցային պայմաններ, և թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի գիտնականները հետաքրքրված են հնարավորինս արդյունավետ լինելու մեջ: Համալսարանի դասավանդող կազմը կարող է պայմանագիր ունենալ նույն համալսարանի հետ 12-15 տարվա ընթացքում: Սակայն գիտնականը կարող է մնալ համալսարանում կամ գիտական կենտրոնում, եթե աշխատում է որևէ հիմնադրամի կողմից տրամադրվող ծրագրի վրա, և այդ հիմնադրամը հոգում է կամ հոգալու է նրա աշխատավարձը: Դա, իմ կարծիքով, դրդում է գիտնականին` ավելի արդյունավետ լինել, լճացում թույլ չտալ, բայց դրա հետ մեկտեղ` հանգիստ լինել պայմանագիր ունենալու առումով:
Բացի դրանից, մեծ է բիզնեսի հետաքրքրությունը. որոշ հիմնադրամներ ստեղծված են հենց գործարարների կողմից: Օրինակ` ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ կան մի շարք խոշոր ավտոարտադրող ընկերություններ, որոնք ֆինանսավորում են իրենց ոլորտի հետ կապված հիմնական հետազոտությունները: Սակայն բիզնեսը ֆինանսավորում է նաև ոչ իր առաջնային հետաքրքրությունները, օրինակ` հասարակական գիտություններում: Ցավոք, Հայաստանում գիտնականը պետք է փնտրի ինչ-որ գործարարի, ով հետաքրքրվում է իր աշխատանքներով, իսկ այստեղ հակառակն է` բիզնեսն է դիմում գիտնականին:
– Ինչպիսի՞ն է գիտնականի հեղինակությունը Գերմանիայում, ինչպե՞ս է նրա հանդեպ վերաբերմունքը, առանձնահատուկ վերաբերմունք կա՞ նրա նկատմամբ: 
– Գերմանիայում գիտնականը մեծ հարգանք է վայելում, մասնավորապես, եթե արդեն պրոֆեսոր է: Սակայն, շատ կարևոր է «պահել» հեղինակությունը և չարժեզրկել այն: Օրինակ` 2011 Գերմանիայի պաշտպանության նախարարը ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ իր դոկտորական աշխատանքում գրագողություն էր արել: Արդյունքում` նա կորցրեց և իր պաշտոնը, և իր գիտական աստիճանը: Գրագողության փաստը շատ էր զայրացրել բոլորին, և հիշում եմ, անգամ մեր համալսարանում դասախոսները ստորագրահավաք էին կազմակերպում այդ փաստի դեմ: Այստեղ առաջին կուրսից բոլորին այնպես են վախեցնում, որ մարդիկ անգամ ամեն մի փոքր բան գրելիս` փակագծերում գրում են դրա աղբյուրը, որպեսզի հանկարծ չարժեզրկվեն որպես գիտնական, իսկ Հայաստանում ավելորդ է նույնիսկ խոսել որոշ քաղաքական գործիչների գիտական աստիճանների վերաբերյալ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս