ՀՅԴ-ն միշտ հրապարակում է եղել. Արմեն Ռուստամյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Վերջինս ասաց, որ թեպետ մի քանի շաբաթ ՀՅԴ-ն ելույթ չի ունեցել հարթակից, սակայն հրապարակում է եղել. «Մենք միշտ այստեղ ենք ու ամենաշահագրգռված ենք՝ մեր ընդդիմադիր շարժման նպատակին հանսելու համար»:
Դաշնակցական պատգամավորը անդրադարձավ Հրաչ Մուրադյանին՝ «ասելով, որ նրա մահը եռապատկում է ցավը այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ամեն ինչ արեց ապահով, խաղաղ կյանքի հաստատման համար, սակայն նրա կյանքը հենց հայրենիքում խլեցին:
«Ոչ մի արդարացում, մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորուստի տեղն առնել, որովհետև եթե մի երկում հերոս է զոհվում դավադիր գնդակից, երկրում հաստատ պրոբլեմներ կան: Իսկ մենք պարտավոր եք միասին փոխել մեր երկիրը»,- նշեց նա:
Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ իրենք պարտավոր են ամեն ինչ անել, իսկ իշխանությունն էլ պետք է հասկանա, որ այսպես շարունակել անհնար է և պետք է խորքային փոփոխություն կատարել: Իսկ այս խնդրի լուծմանն, ըստ նրա, պետք է հասնել «այս զարթոնքով»:
Ժողովրդի համար շոշափելի ու կոնկրետ արդյունք, ըստ պատգամավորի, պետք է զգալ նաև Երևանում իշխանություն ստանալուց հետո:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, թե բանակցությունը լավ է, բայց այն չի կարող նպաստել հետընտրական լարվածությունների թուլացմանը: «Իսկ բոլոր ցավերի պատճառը մեկն է՝ իշխող կուսակցության ու պետության նույնացումը: Հենց սա է, որ իշխանությունները խուսափում են ընդունել՝ առաջարկելով մակերեսային փոփոխությունների շուրջ երկխոսություն: Իսկ մենք չենք ներքաշվում անպտուղ երկխոսության մեջ»:
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իրական է, որ ընդդիմությունը գա իշխանության: Ըստ նրա՝ այդ պայքարը չպետք է սահմանափակել միայն Երևանով: Արմեն Ռուստամյանն ասաց, թե քաղաքապետի ընտրություններին ոչ իշխանական ուժերի համախմբումը միասնական դաշնքով հանդես գալու վերաբերյալ թեպետ չստացվեց, բայց հնարավոր է հետընտրական դաշինքը նույն ուժերի միջև: «Մենք կարող ենք փոխել մեր կյանքը, երկիրը ու ունենալ այն Հայաստանը, որը երազել են մեր հերոսները… Հրաչը Մուրադյան»,- եզրափակեց նա: