ՀՔԾ-ն կքննի Է.Խուդյանի գործով պաշտոնյաների չարաշահումները

«Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանի գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել դատարանի և առանձին այլ պաշտոնատար անձանց կաշառք տալու և վերջիններիս կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, ուստի և Գլխավոր դատախազը նախաքննության կատարումը հանձնարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեԼ է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հարկ է նշել, որ սկզբնապես, 2011թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գործը հարուցվել էր կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ: Սակայն գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանի դեմ առաջադրված մեղադրանքներն որոշակիորեն ընդլայնվել են՝ դուրս գալով սոսկ կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու հանցակազմի շրջանակներից: Վ.Մանգասարյանին 2013թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ այսինքն՝ կանխամտածված սնանկությունից բացի Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման ու խարդախության հոդվածներով։ Դատարանի` 2013թ. մարտի 17-ի որոշմամբ Վ.Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ըստ մեղադրանքի՝ Վ.Մանգասարյանը 2009թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը և տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով, 2010թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամ գումարն իբրև փոխառություն «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան և դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինվել է Վ.Մանգասարյանի կողմից, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության ստացել նշված գումարին համարժեք տարածքներ:

Այսկերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ.Մանգասարյանը «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Բացի այդ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Վ.Մանգասարյանը 2005-2006թթ. ընթացքում Ա.Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Ս.Դոնաթելի վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 104 000 ԱՄՆ դոլար գումար:

Վ.Մանգասարյանի գործողություններից մեծապես տուժել էր նրա նախկին գործընկերը՝ ամերիկահայ գործարար ու ներդրող Էդմոն Խուդյանը, ով հայտարարել էր, որ նա խաբեությամբ տիրացել է իր շահույթին, խոսակցական լեզվով՝ «գցել է» իրեն:

Գործի՝ ՀՔԾ-ի վարույթ փոխանցումը աննկատ չի մնացել նաև Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ուշադրությունից, որն այսօր հայտարարությամբ է հանդես եկել: «Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ևս բազմիցս հայտարարել է, որ այստեղ գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը», – մասնավորապես, նշվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս