
Իսլամը Եվրոպայի ապագան է. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը մեկնաբանել է Ֆրանսիայի աջ ծայրահեղական շարժման առաջնորդ Մարինա Լե Պենի այն հայտարարությունը, թե վերջին ժամանակներս իսլամը, ինչպես երբեք, տեսանելի է դարձել Ֆրանսիայում.
«Եվրոպայի ապագան իսլամն է: Եվրոպացիները թող գլուխները չթաղեն ավազի մեջ՝ ձևացնելով, թե չեն հասկանում դա: Մենք հիանալի իրազեկված ենք Թուրքիայի հանդեպ Լե Պենի բացասական դիրքորոշման մասին, սակայն նախընտրում ենք ուշադրություն չդարձնել դրան:
Ֆրանսիայի բնակչության 11 տոկոսը մուսուլմաններ են: Եվրոպայի բնակիչների 8-9 տոկոսը դավանում է իսլամ: Մինչև 2030 թվականն այդ ցուցանիշը կհասնի մինչև 15 տոկոսի: Այդ պլանում ես լիովին համաձայն եմ Գերմանիայի նախկին նախագահի հետ, ով դեռ երեք տարի առաջ կանխատեսել էր ԵՄ-ում մուսուլմանների ազդեցության մեծացում»:
2010 թվականին Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել էր, որ իսլամը քրիստոնեության հետ նույնչափ հանդիսանում է գերմանական մշակույթի ու պատմության անբաժանելի մասը: Այս հայտարարությունը բուռն բողոքներ էր առաջացրել բնակչության շրջանում: