Վրաստանի ռեզերվիստների հայեցակարգում գլխավոր սպառնալիք են անվանվել ռուսական ռազմաբազաները
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի մշակած մարտական, տարածքային ու քաղաքացիական ռեզերվի նախապատրաստության հայեցակարգը պետք է սկսի գործել գարնան վերջին-ամռան սկզբին:
Մշակած հայեցակարգի գլխավոր ռազմական սպառնալիք են անվանվել Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաները: Վրացի ռեզերվիստների նախապատրաստման խոշոր կետերից մեկը լինելու է Վրաստանի պաշտպանության նախարարության Սենակի բազան, որը գտնվում է երկրի արևմուտքում՝ Աբխազիայի ուղղությամբ:
Պատրաստության առաջին ուղղությունը մարտական ռեզերվն է: Այն ձևավորելու են նրանք, ովքեր ծառայել են բանակում: Նրանց կցելու են կոնկրետ ստորաբաժանումների, հիմնականում նրանց, որտեղ որ ծառայել են նրանք: Տարեկան երեք անգամ նրանց կանչելու են 45-օրյա հավաքների: Այդ ռեզերվիստները ռազմական գործողությունների դեպքում պետք է փոխհատուցեն կանոնավոր բանակի կորուստները:
Երկրորդ ու երրորդ ուղղվածությունները տարածքային ու քաղաքացիական ռեզերվն են: Դրա նախապատրաստմամբ զբաղվելու է Ազգային գվարդիան: Այս կատեգորիայի ներկայացուցիչները նախատեսված չեն ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Նրանց պատասխանատվության գոտին թիկունքն է՝ ռազմավարական կարևորության օբյեկտների պահպանումը, տարհանման հարցում օգնելը, ինչպես նաև բնական աղետների ժամանակ քաղաքացիներին օգնելը: Այստեղ չկա կանոնավոր հավաքներ անցկացնելու անհրաժեշտություն:
Գլխավոր սկզբունքն այն է, որ ռեզերվիստը կարողանա լավ կողմնորոշվել իրեն ծանոթ տեղանքում և իմանա պատերազմների ու բնական աղետների ժամանակ իր պարտականությունները: Բոլոր կատեգորիաների դեպքում ռեզերվիստների տարիքը կազմում է 27-45 տարեկան: