
Բրիտանական MI6-ը խոստովանե՞լ է Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետի սպանության կազմակերպելը

Բրիտանական Telegraph թերթի փոխանցմամբ՝ բրիտանական MI6 հետախուզության նախկին աշխատակից բարոնուհի Դաֆնի Պարկը պնդում է, որ 1961 թվականին կազմակերպել է անկախ Կոնգոյի Հանրապետության (ներկայումս Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) առաջին վարչապետ Պատրիս Լումումբայի առևանգումն ու սպանությունը:
Այս մասին հայտնել է լորդ Դևիդ Էդվադ Լին, որի խոսքերով, Պարկի հետ հանդիպել է նրա մահվանից քիչ առաջ՝ 2010 թվականին: Լին հայտնել է. «1959-1961 թվականներին Պարկը եղել է Լեոպոլդվիլում (ներկայիս Կինշասա) առաջին հյուպատոս և քարտուղար, ինչը պրակտիկայում նշանակում է (և հետագայում հաստատվել է) այնտեղ MI6-ի ղեկավար:
Պարկն ինձ հայտնեց, որ իրենք մասնակցել են Լումումբայի առևանգմանն ու սպանությանը: Նա ասաց. «Ես եմ կազմակերպել դա»: Բարոնուհու պարզաբանմամբ՝ Լումումբային վերացնելու համար պատճառ է հանդիսացել նրա պանաֆրիկյան նացիոնալիզմն ու կրեմլամետ տրամադրվածությունը, որոնք մտահոգում էին Արևմուտքին»:
Լումումբան Կոնգոյի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1960 թվականի հունիսին և հանդես է եկել ներքին անջատողականության ու բելգիացի գաղութարարների զինված ագրեսիայի դեմ: Նա սպանվել է 1961 թվականի հունվարի 17-ին: 1966 թվականին Լումումբան պաշտոնապես հռչակվել է Կոնգոյի Հանրապետության ազգային հերոս: