Օպերայի մոտ ապօրինի պատ են կառուցում
Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Օպերային կից պուրակի կանաչ տարածքում արդեն քանի շաբաթ է սկսվել է հերթական ապօրինի շինարարությունը։
Կանաչ տարածքի հաշվին շինարարություն իրականացնողները փաստացիորեն չունեն որևէ օրինական, հրապարակված թույլտվություն։ Տարածքում չկա շինարարական աշխատանքների մասին ծանուցող որևէ տեղեկատվական վահանակ։ Ավելին, աշխատանքներն ընթանում են բնապահպանական և շինարարական նորմերի կոպիտ խախտումներով՝ ժամանակակից քաղաքակիրթ տրամաբանության տեսանկյունից անթույլատրելի և ամոթալի, գավառական «լուծումներով»՝ ապականելով մեր մայրաքաղաքի կենտրոնի՝ առանց այն էլ սակավաթիվ հանրային տարածքներից մեկը։
Բոլոր պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այս հերթական խայտառակ ապօրինությունը։
Մեզ չի հետաքրքրում այն, թե արդյոք այս ամենը կատարվում է պատկան մարմինների իմացության թե չիմացության պայմաններում։ Կարևորն այն է, որ սա ևս մեկ նշանակալի թերացում է վերջիններիս ամենօրյա աշխատանքի մեջ, որը գալիս է հիմնավորելու բոլոր այն քաղաքացիների պահանջը, ովքեր ցակնանում են ունենալ այլ քաղաքապետ, բնապահպանության և քաղաքաշինության այլ նախարարներ, և առհասարակ ոչ թե իրականությունը PR նպատակներով խեղաթյուրող, այլ ընդհակառակը՝ իրականության մասին բացեիբաց արտահայտվող պետական մարմիններ, որոնք կկազմակերեն մայրաքաղաքի իրապես պատասխանատու կառավարում։
Գիտակցելով, որ վերոհիշյալ շինարարությունն ընթանում է ապօրինի շինարարության հայտնի մեթոդներով՝ զգոնության կոչ ենք անում մեր քաղաքի գիտակից քաղաքացիներին, ինչպես նաև հորդորում, որպեսզի յուրաքանչյուրն իր հնարավորությունների և քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում մասնակցի մեր մայրաքաղաքի օկուպացված հանրային տարածքները հանրությանը վերադարցնելու գործընթացին։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն»