Րաֆֆին ասաց՝ «շախ»… բայց համաձայն է ոչ-ոքիի

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր սկսել է մարզային այցելությունները: Արդեն հասցրել է լինել Սիսիանում, Կապանում, Գորիսում և այլ բնակավայրերում: Բնակիչների հետ հանդիպումները բոլոր վայրերում անցնում են նույն ձևաչափով. Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում մարդկանց՝ հացադուլի օրերին իրեն աջակցելու համար, և հրավիրում է մասնակցել ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը:

Նրա մարզային այցելությունների գոնե առաջին օրվա հանդիպումներն առանձնապես բազմամարդ չէին: Բայց դրանից չի կարելի որևէ հետևություն անել և բխեցնել, որ Րաֆֆիի առաջնորդած շարժումը մարում է: Չի կարելի, քանի որ նույնքան սակավամարդ էին նրա հանդիպումները նախագահական ընտրություններից առաջ և հետո՝ մարզեր կատարած այցելությունների ժամանակ: Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ մարդկանց ներկայությունը հրապարակում ոչ միայն ուղղակիորեն կապված չէ նրանց դիրքորոշման հետ, այլև այդ կապը կարող է հակադարձ համեմատական լինել: Բազմաթիվ մարզերում, որտեղ հանդիպումներին քիչ մարդիկ էին մասնակցում, ընտրությունների օրը Րաֆֆին հաղթեց Սերժ Սարգսյանին: Հատկապես մարզերում քաղաքացիները վախենում են տեղական իշխանության հնարավոր հետապնդումներից և խուսափում են մասնակցել այդ հանդիպումներին: Եվ դա բնական է ու հասկանալի: Եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սպառնում է  539.674 հազար ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի  «գլուխը ջարդել», ապա դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կարող է անել շարքային կապանցուն կամ գորիսեցուն:

Այդ իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները ոչ այնքան ընտրողների հետ ֆիզիկական կոնտակտի, որքան խորհրդանշական նշանակություն ունեն, ինչն ամբողջությամբ տեղավորվում է նրա մարտավարության տրամաբանության մեջ: Ինչ վերաբերում է Րաֆֆիի ռազմավարությանը՝  դրա քաղաքական բովանդակությանը, ապա նա, ըստ էության, արձանագրում է, որ «գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է»:

Այդ հարցում նա իրավացի է: Ինքը դադարեցրել է հացադուլը, այսինքն՝ հետևել է Սերժ Սարգսյանի հորդորին: Ամենակարևորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթներում այլևս չի խոսում Սերժ Սարգսյանի լեգիտիմության մասին, այսինքն՝ դեռևս ուժի մեջ է համարում Ս. Սարգսյանի դե ֆակտո նախագահությունը ճանաչելու մասին իր հայտնի հայտարարությունը, որի պայմանը, ինչպես հայտնի է, մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է ու «իշխանության կիսումը» ժողովրդի, իմա՝ Րաֆֆիի հետ:

«Եթե անգամ կա փակուղային վիճակ, ապա՝ գործող իշխանության կողմից, իրենք են ստեղծել»,- այսօր հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պարզորոշ ակնարկելով, որ ինքը պատրաստ է փակուղուց դուրս գալուն և սպասում է Սերժ Սարգսյանին:  Ր. Հովհաննիսյանը նույնքան պարզորոշ ակնարկում է, որ փակուղուց ելքը տեսնում է «ազգային համաձայնության կառավարության» մեջ: «Իմ ձևակերպումը բնական է: Ութ օր ունենք, որ գործող նախագահը որոշի՝ ուզո՞ւմ է գնալ ազգային միասնության ճանապարհով, թե՞ ոչ»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը, ով հացադուլը դադարեցնելուց հետո անցել է պայքարի ավելի ակտիվ գործողությունների՝ հաջորդ քայլը թողնելով Ս. Սարգսյանին: Դիրքային պայքարի տեսանկյունից վերջինս հիմա այնքան էլ լավ վիճակում չէ, քանի որ պարտավորված է որևէ քայլ կատարել: Այլապես, եթե մինչև ապրիլի 9-ը Ս. Սարգսյանն իրադրության հանգուցալուծման որևէ տարբերակ չառաջարկի, հետագա անցանկալի զարգացումների պատասխանատվությունն ավելի մեծ չափով կվերցնի իր վրա:

Տեսանյութեր

Լրահոս