Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է հեծանիվ և մոտոցիկլետ վարել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ այսուհետ տեղի կանայք կարող են երթևեկել հեծանիվներով ու մոտոցիկլետներով, ինչը խստապես արգելված էր սրանից առաջ:

Սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել մի շարք պայմաններ: Նախևառաջ դա միայն թույլատրվում է դրա համար նախատեսված հատուկ վայրերում (զբոսայգիներում, հեծանվահրապարակներում): Եվ երկրորդ՝ հեծանիվով կնոջը պետք է ուղեկցի նրա ամուսինը կամ արական սեռի ազգականը, որն ունակ կլինի ընկնելու դեպքում օգնություն ցուցաբերել կնոջը:

Բացի այդ, արգելված է սպորտային հագուստի կրումը. կանայք պետք է կրեն աբայի՝ ծածկվելով ոտքից գլուխ: Անթույլատրելի միջադեպերից խուսափելու համար կանայք չպիտի հայտնվեն այն վայրերի մոտ, ուր հաճախ հավաքվում են տղամարդիկ:

Այս բոլոր սահմանափակումների պահպանմանը հետևելը հանձնարարվել է երկրում գործող կրոնական ոստիկանությանը, որը հայտնաբերում ու պատժում է իսլամական բարոյականության խախտողներին: Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները էականորեն սահմանափակված են՝ համեմատած տղամարդկանց հետ, և ցայժմ նրանք ընկալվում են որպես երկրորդ կարգի մարդիկ:

Նրանք միայն 2011 թվականին են իրավունք ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս