«Երդմնակալություն… չէ մի, հա: Թող մի հատ էլ գահ դնեն, թագավորը նստի գահի վրա». ՀՀԿ պատգամավոր
«Ի՞նչ երդմնակալություն, ինչի՞ եք այս երկիրը վարկաբեկում անլուրջ քայլերով: Այսպիսի բան եղե՞լ է այս աշխարհում: Մենք պետք է առաջի՞նը լինենք ամեն տեղ, ինչպես նաև՝ հիմարության բնագավառում: Երդմնակալություն… չէ մի, հա: Թող մի հատ էլ գահ դնեն, թագավորը նստի գահի վրա»,- այսպես է արձագանքում փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Պատգամավորը կարծում է, որ այս դեպքում հարցը Սերժ Սարգսյանին չի վերաբերում: Նրա կարծիքով, այդպիսի քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի ինստիտուտն է վարկաբեկում: Համլետ Հարությունյանն արդեն հարգանքով է հիշում հայաստանյան նախորդ ընդդիմադիր գորիծիչներին, ովքեր նման քայլերի չեն դիմել: «Մենք ընդդիմություն ենք ունեցել, ավելի հզոր ընդդիմադիր շարժում է եղել, բայց երբեք այդ ընդդիմադիրնեըր չեն խաղացել նախագահի ինստիտուի հեղինակության հետ և նմանատիպ քայլերի չեն գնացել»,- 168.am-ին ասաց Համլետ Հարությոնյանը: Նրա կարծիքով, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Կարեն և Ստեփան Դեմիրճյանները, ոչ էլ Վազգեն Մանուկյանը չեն զբաղվել նման անլուրջ բաներով: «Դա մեր պետականությանն է վնաս, դա մեր ժողովրդին է վնաս, դա Սերժ Սարգսյանին չէ վնաս»,-համոզված է Համլետ Հարությունյանը:
Համլետ Հարությունյանի համար պարզ չէ նաև, թե երդմնակալությունն ի՞նչ է տալու Րաֆֆի Հովհաննիսյանին, ի՞նչ է անելու նա ապրիլի 9-ից հետո: «Ասենք, արդեն ամսի 10-ն է, հետո՞… Ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ընդամենը մեզ վրա ծիծաղողների թիվը կշատացնենք»-վստահ է Համլետ Հարությունյանը:
Նա համոզված է նաև, որ նման միջոցառում կազմակերպելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կփակի Սերժ Սարգսյանի հետ երկխոսության ճանապարհը: «Ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, երբ ինքը ոչ ադեկվատ քայլ է անում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: