Բաժիններ՝

Հարսնաքարի գործով մեղադրյալի համար շտապօգնություն են կանչել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվեց ցուցմունքներ տալ։

Հարցաքննվեց նաև գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը։ Դատական նիստի ընթացքում նախատեսվում էր հարցաքննել նաև գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանին։ Վերջինս նշեց, որ ցանկանում է ցուցմունքներ տալ, սակայն ճնշման հետ կապված խնդիրներ ունի, և չի կարող։ Ամբաստանյալն ասաց, որ գլխապտույտ և սրտխառնոց է զգում։ Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ անհրաժեշտ գտավ շտապօգնություն կանչել, որից հետո միայն դատարանը կորոշի՝ շարունակե՞լ դատական նիստը, թե՞ ոչ։

 

Նիստի ընթացքում հրապարակվեցին  Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները։ Նախաքննության ընթացքում վերջինս պատմել է. «Ժամը 23:00-ի սահմանում ամառային դահլիճի կողմից քայլելով մոտենում էի դեպի գլխավոր մուտքի մոտ, երբ տեսել եմ դիմացի ավտոկայանատեղիում հավաքված անձանց և նույն ռեստորանի մատուցողներից Ալիկին (նկատի ունի մատուցող Դավիթ Ադամյանին.- Օ.Հ.), որոնք կայանատեղիում քաշքշում էին Ալիկին, հայհոյում, և հարվածեցին նրան, սակայն չեմ կարող ասել` ով հարվածեց։ Ես մոտեցել եմ նրանց` բաժանելու և քաշքշուկը սաստելու համար։ Ալիկին քաշել եմ մի կողմ, նշված անձանց ասել, որ հանգստանան, չշարունակեն, և Ալիկի հետ միասին գնացինք ռեստորանի ուղղությամբ։ Ալիկը մտել է ներս, իսկ ես դուրս եմ եկել ճանապարհ և տաքսիով գնացել եմ տուն»։

Կարդացեք նաև

Նախաքննության ընթացքում Գարիկ Մարգարյանը նաև ասել է, որ ինքը փորձել է «ջան ու ջիգյարով» համոզել, որ տուժողները թողնեն ու գնան։

Դատաբժշկական փորձաքննության համաձայն` մեղադրյալ Մարգարյանի մարմնի վրա հայտնաբերվել են որոշ քերծվածքներ և արյունազեղումներ։ Քննիչը հարց է ուղղել մեղադրյալին` ե՞րբ և ի՞նչ պայմաններում են դրանք առաջացել, որին Գարիկ Մարգարյանը պատասխանել է, որ մինչ իր ձերբակալությունը գրեթե ամեն օր զբաղվել է ըմբշամարտով, և քերծվածքներն էլ այդ ընթացքում են առաջացել։

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Գարիկ Մարգարյանը հրաժարվել է պատասխանել հարցին` արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը գտնվել է ռեստորանային համալիրում և մասնակցել է կռվին։

Այսօր դատաքննության ընթացքում նա հայտնեց, որ դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանին ռեստորանային համալիրում չի տեսել։

Դատարանում հրապարակվեցին նաև գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի և տուժողների առերես հարցաքննության արձանագրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս