Ադրբեջանական դատախազությունը բողոք է հղել ԱՄՆ դեսպանատանը՝ կապված NDI-ի գործունեության հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատախազությունը նամակ է հղել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ բողոքելով ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) դեմ:

Ուղերձում վստահեցվում է, որ կազմակերպությունը, որին սրանից առաջ կասկածել են Ադրբեջանում հեղափոխության նախապատրաստման մեջ, խախտել է տեղի օրենսդրությունը: Դատախազության պնդմամբ՝ Ադրբեջանի տարածքում NDI-ի գործունեության ժամանակ խախտվել են «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ու «Դրամաշնորհների մասին» օրենքները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կանոնները, որոնք հաստատվել են Ադրբեջանի կառավարության կողմից:

Դատախազությունը նաև հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանում NDI-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևն իր բանկային հաշվեհամարից հանել է զգալի քանակությամբ կանխիկ գումար (դատախազության տվյալներով՝ 2010 թվականի մարտից մինչև 2012 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանվել է մոտ մեկ միլիոն դոլար)՝ առանց տեղեկատվություն ներկայացնելու այդ գումարների օգտագործման նպատակի:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է NDI-ին հասցեագրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ NDI-ն աշխատում է հանուն Ադրբեջանի բարօրության:

Տեսանյութեր

Լրահոս