Իսրայելն առաջին անգամ հրեաների քանակով գերազանցել է ԱՄՆ-ին
Իսրայելական Cursor լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարին Իսրայելը պատմության մեջ առաջիին անգամ դարձել է հրեական ամենամեծ ազգաբնակչությունն ունեցող երկիրը՝ այդ հարցում գերազանցելով ԱՄՆ-ին:
Այս մասին են վկայում Իսրայելի ՆԳՆ-ի տվյալները: Իսրայելական հրեաների ընդհանուր քանակն առաջին անգամ գերազանցել է վեց միլիոնի սահմանագիծը, մինչդեռ ԱՄՆ-ում հրեաների քանակը կազմում է ավելի քան 5.5 միլիոն, որոնցից 2 միլիոնը բնակվում է Նյու Յորք քաղաքում ու դրա մերձակայքում:
Երուսաղեմի Հրեական համալսարանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում հաշվվում է 13.8 միլիոն հրեա, ընդ որում աստիճանաբար կրճատվում է Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաների քանակը:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում բնակվում է մոտ 8 միլիոն մարդ: Բնակչության երկրորդ մեծ խումբն արաբներն են՝ 1.6 միլիոն մարդ, իսկ երրորդը՝ մերձավորարևելյան ծագմամբ քրիստոնյաները: Երկար ժամանակ ԱՄՆ-ը հրեաների քանակով գերազանցում էր Իսրայելին, սակայն հայրենադարձների շարունակական ներհոսքը փոխեց իրադրությունը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է, որ Իսրայելի կործանումը վրա կհասնի 2025 թվականին: