Ֆրանսիան կրճատում է Մալիում իր զինվորական կոնտինգենտը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է Մալիում ունեցած զինվորական կոնտինգենտը մինչև տարեվերջ նվազեցնել մինչև 1000 մարդու.
«Ապրիլի վերջին մենք կսկսենք Մալիից զորքերի դուրս բերման գործըթնացը: Ներկայումս այնտեղ է գտնվում 4000 ֆրանսիացի զինծառայող: Հուլիսին Մալիում կմնա 2000-ից ոչ ավելի ֆրանսիացի զինվոր, իսկ տարեվերջին՝ միայն 1000 զինվոր: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր պահին կարող է ավելացվել Մալիում ֆրանսիական ռազմական ներկայությունը:
Ֆրանսիան հասել է օպերացիայից առաջ դրված հիմնական առաջադրանքներին: Մենք հասել ենք մեր գլխավոր նպատակներին՝ ահաբեկիչների հարձակման կանգնեցմանը: Դա արվել է: Երկրորդ առաջադրանքը հանդիսացել է ահաբեկիչների կողմից զբաղեցրած քաղաքների վրա ունեցած վերահսկողության վերադարձնելը: Դա նույնպես արվել է»:
Ֆրանսիացի զինծառայողները Մալիի հյուսիսը գրաված իսլամիստ զինյալների դեմ ռազմական գործողությունները սկսել են այս տարվա հունվարի 11-ին: Մարտի 27-ին Մալիի մայրաքաղաք Բամակո ժամանեցին բրիտանացի առաջին զինծառայողները՝ հրահանգիչները:
Վերջիններս առաջիկա 1.5 տարվա ընթացքում դասընթացներ կանցկացնեն Մալիի զինված ուժերի սպաների հետ: Բրիտանացիներն անմիջականորեն չեն մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն Մալիին կօգնեն հետախուզական տվյալներով ու լոգիստիկայով: