
Սիրիական ընդդիմության առաջնորդը վերանայել է հեռանալու մասին որոշումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեթ Մոազ ալ-Հաթիբը վերանայել է հեռանալու մասին իր որոշումը և այժմ մտադիր է զբաղեցրած պաշտոնում մնալ մինչև իր վեցամսյա ժամկետի ավարտը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը: Ալ-Հաթիբը ներկայիս պաշտոնում ընտրվել է 2012 թվականի նոյեմբերին և պաշտոնավարելու է մինչև ընթացիկ տարվա մայիս: Սիրիական չափավոր ընդդիմության շարքերում նա համարվում է հեղինակավոր անձնավորություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ալ-Հաթիբը հրաժարական էր տվել, սակայն նրա հրաժարականը չէր ընդունվել: