«Րաֆֆին Ոդիսևսը չէ, իսկ Երևանն էլ՝ Տրոյան». Շարմազանով

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նիստից մանրամասներ է ներկայացրել Էդուարդ Շարմազանովը: «Տեղի ունեցավ ԳՄ նիստ, քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հայտնել է, որ նիստի ընթացքում որոշվել է նաև գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական կարգախոսը: «Քանի որ մենք կարծում ենք, որ Երևանը ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան այսօր, մեր կարգախոսն է՝ ավելի լավ Երևան, մենք պատրաստ ենք ամեն օր աշխատել մեր երևանցիների համար՝ հանուն ավելի լավ Երևանի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե նիստում քննարկվե՞լ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյան – Սերժ Սարգսյան նամակագրությունը, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Մենք մնում ենք հրապարակային երկխոսության կողմնակից, բայց ոչ մանկական կապրիզության երազանքները իրականացնելու ճանապարհով, խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Բացի այդ, նախագահի մամուլի խոսնակ Ալիկ Արզումանյանը այդ մասով արդեն իսկ հայտարարություն տարածել է: Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը մեկ անգամ ևս հստակեցնում է, որ մենք պատրաստ ենք քննարկել»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում օտարերկրյա դիվանագետների հնչեցրած մտահոգություններին՝ կապված Սիվիլիթաս հիմնադրամի հետ, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Դուք որպես լրագրող ինքներդ կարող եք որոշել՝ դեսպանները խառնվո՞ւմ են արդյոք մեր ներքաղաքական կյանքին, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ցանկացած հարգարժան դեսպան չի կարող կամ պարտավոր չէ հստակ իմանալ, ցանկացած քերական գործի իրական պատկերը»:

ՀՀԿ խոսնակն արձագանքել է նաև «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի այն հայտարարությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունը գրավելու համար ընտրել է Տրոյական ձիու տարբերակը: Շարմազանովն այս առումով նշել է. «Եթե պարոն Խզմալյանը անցել է դիցաբանության դաշտ, ես էլ այդ կերպ կպատասխանեմ, ես չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսևսն է, իսկ Երևանն էլ՝ Տրոյան»:

Կարդացեք նաև

ՀՀԿ խոսնակը սև PR և բամբասանք է որակել վերջին օրերին ակտիվացած այն խոսակցությունները, թե իշխանությունները պատրաստվում են կեղծել Երևանի ավագանու ընտրությունները: «Ես երբեք չեմ ասել, թե մենք բրոնյա ենք արել Երևանը, ցանկացած ընտրության արդյունք որոշելու է ընտրողը, իսկ այս պարագայում՝ երևանցիները»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի կառավարության այսօրվա որոշումը, համաձայն որի ԱԻՄ առաջնորդին հատկացվել է գումար առողջական խնդիրները արտասահմանում կարգավորելու համար, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Իհարկե, կան Հայաստանում շատ խնդիրներ, կան շատ հիվանդ ծերեր և երեխաներ, ովքեր բուժման կարիք ունեն, բայց չպետք է դրանք խառնել: Պարույր Հայրիկյանին այսօր չպետք է դիտարկել որպես նախագահի նախկին թեկնածու կամ քաղաքական գործիչ, նա եղել է մեր անկախության սիմվոլներից մեկը»:

Galatv.am

Տեսանյութեր

Լրահոս