
«Աստված Պարույր Հայրիկյանին առողջություն տա, բայց թե…». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը կտրամադրվի 20 մլն 500 հազ. դրամ:Սույն որոշումն առաջացրել է շատերի դժգոհությունը, անգամ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Ընդդեմ կառավարության որոշման» խումբը:
Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում կառավարության որոշման վերաբերյալ իր գնահատականն է տվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Գիտեք, հարցը բարոյական հարթությունում է գտնվում , ուստի ես կաշխատեմ շատ զգույշ մոտենալ այդ հարցին, որովհետև հարցը, ինչպես նշեցի, բարոյական է: Աստված Պարույր Հայրիկյանին առողջություն տա, բայց գիտեք` որպես նաեւ քաղաքացի, ես վստահ եմ, որ յուրաքանչյուրի մոտ այդ հարցը ծագելու է, այո՛, որևէ մեկը չի վիճարկում, որ մահափորձից հետո պետությունը իր դերակատարությունը պետք է ունենա Պարույր Հայրիկյանի առողջության վերականգնման համար, քանի որ մեր անկախության կերտման համար անցյալ է ունեցել: Ես հետևում եմ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին, թե ինչու կառավարությունը գումար չի հատկացնում Մարտի մեկի զոհերի ընտանիքներին, արդար չեն սոցիալական ցանցերում բարձրացված դժգոհությունը, այդպես չէ»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Հարցին, թե այսօր շատ են այն քաղաքացիները, ովքեր անգամ Հայաստանում բուժում ստանալու համար գումար չունեն, իսկ կառավարությունը դրանով զբաղվել չի ցանկանում, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Եթե մենք այդպես մտածենք և փորձենք այդ հարթությունում ուսումնասիրել,այո՛, բազմաթիվ խնդիրներ կան, որ կառավարությունը ուշադրություն չի դարձնում, սակայն որեւէ խնդիր չեմ տեսնում, որ կառավարությունը Պարույր Հայրիկյանի առողջության խնդիրները փորձում է լուծել, բայց, կրկնում եմ, արդարացի բարձրացված խնդիրներ են և, լավ կլիներ, որ մյուս խնդիրներին եւս կառավարությունը ուշադրություն դարձնի»: