
Ադրբեջանական ֆուտբոլի հույսը իր Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել բանվորների

Ադրբեջանի հավաքականի կիսապաշտպան Արազ Աբդուլաևը իր մեքենայով երկու հոգու վրաերթի է ենթարկել: Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բաքվի «Նեֆտչիի» կիսապաշտպանը վերադառնում էր մարզումներից՝ ճանապարհին իր «Porsche-Cayenne» մեքենայով բախվելով երկու բանվորի: Այս մասին հաղորդում է Terrikon.com կայքը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտովթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտի շահագործում): Աբդուլաևը բերման չի ենթարկվել: Հետախուզվում են կատարվածի պատճառները:
21-ամյա Աբդուլաևը իր երկրի ամենամեծ տաղանդներից է համարվում: Նա իր առաջին ելույթը հավաքականում ունեցել է 5 տարի առաջ և այժմ Ադրբեջանի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը