
«Ո՞վ ա ասել, որ ծեծկռտուք ա եղել»

Մարտի 26-ին Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում կատարված ծեծկռտուքից տուժած Արմեն Վարդանյանի առողջական վիճակի մասին 168.am-ը որոշ հարցերի պատասխաններ փորձեց ստանալ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանից: «Ներկա պահին հիվանդի վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ, եթե վիճակն այսպես պահպանվի, մեկ-երկու օրից տուն կուղարկենք»,- ասաց Ս. Աթաջանյանը: Հարցին, թե Ա. Վարդանյանն ի՞նչ վիճակում էր տեղափոխվել հիվանդանոց, վերջինս պատասխանեց. «Բաժանմունք է տեղափոխվել ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, կոնտակտ չկար, դեմքի շրջանի սալջարդերով: Կատարված ինտենսիվ միջոցառումներից մոտ 8 ժամ հետո գիտակցությունը վերականգնվեց»: Բժշկի խոսքով` որևէ վիրահատական միջամտություն չի կատարվել: 168.am-ը զրուցեց նաև Արմեն Վարդանյանի քրոջ` Լիլյա Վարդանյանի հետ: Նա նշեց, որ եղբոր առողջական վիճակը նորմալ է: Ինչ վերաբերում է հիշյալ միջադեպին, ըստ լուրերի` մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի կողմից իր եղբորը ծեծի ենթարկելուն, Լ. Վարդանյանը նշեց. «Ծեծկռտուք չի եղել, իրեն երևի թե հրել են թե ինչ, աստիճանների վրա է ընկել, ի՞նչ ծեծկռտուք, ո՞վ ա ասել, որ ծեծկռտուք ա եղել: Եթե ծեծկռտուք լիներ, իրա մոտ ուրիշ բաներ կլինեն, ինքն ուղղակի ընկել ա աստիճանների վրա»:
Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 06:45-ին հիվանդանոցից Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05:30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության Լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն և 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: