Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Businessgame
Մեկնարկում է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Businessgame-ն ընդունված է ամբողջ աշխարհում, Հայաստանում, սակայն, այն իրականացվում է առաջին անգամ։ Businessgame նորարարական խաղի առաջին ծրագրին կարող են մասնակցել բուհերի` մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող ուսանողները: Սա բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները և այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է գալու գործարարի դերում: Ինտրիգային, հետաքրքիր և բիզնես հոտառություն պահանջող այս պայքարում կհաղթեն ամենաարագ կողմնորոշվողները: Ինչպես 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, խաղի բացումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14.00։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Businessgame խաղին, պետք է ներկա լինեն առաջին հանդիպմանը և լրացնեն մասնակցության հայտը: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00, տեղի կունենա Businessgame-ի առանցքային փուլը. մասնակիցները, հանդես գալով որպես գործարարներ, կփորձեն իրենց բիզնես գիտելիքները։ Լավագույնները կստանան հավաստագրեր և պատվոգրեր:
Ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգևներ և արժեքավոր մրցանակներ (1-ին տեղ` 100.000 դրամ, 2-րդ տեղ` 50.000 դրամ, 3-րդ տեղ` 25.000 դրամ): Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00, կանցկացվի Businessgame-ի առաջին ծրագրի եզրափակիչ փուլը: Հրավիրված մասնագետներին կներկայացվեն խաղի էությունը, սոցիալական նշանակությունը, տեսլականը և ապագա ծրագրերը:
Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Պուշկինի 31 հասցեում գտնվող Tom Collins PUB-ում (Կողբացի-Պուշկին խաչմերուկ): Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ marketingclub.am կայքում։
Նշենք, որ Businessgame-ն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի հայկական ակումբ» հ/կ-ն։