
Դիտորդներն անտարբեր են Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հավատարմագրվել են «Իրավակիրթ հասարակություն» տեղական հասարակական կազմակերպության 50 դիտորդներ: Ավելի վաղ հավատարմագրվել էին «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի 60 դիտորդներ:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից այս պահին որևէ այլ հայտ հանձնաժողովը չի ստացել:
Նշենք, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին դիտորդների հավատարմագրումը մեկնարկել է փետրվարի 21-ից:
Հավատարմագրման, ինչպես նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է: